Recent posts
To top
3 Apr

Travel Blogging-ի մասին՝ Արփի Բեքարյանի հետ

cover

Travel Bloger Արփին մեզ պատմեց՝ ինչ է հիմա անում Վրաստանում, ինչպես է ստեղծել իր բլոգը և որ «օդերով» է եղել:

Image00003

Արփի, ի՞նչ ես անում հիմա Վրաստանում:

-Սովորում եմ GIPA-ի մուլտիմեդիա լրագրության ու մեդիա մենեջմենթի ֆակուլտետի մագիստրատուրայում։

-Իսկ սիրո՞ւմ ես Վրաստանը:

-Շա՜տ:

Թիֆլիսը հարազատ քաղաք է։ Շատ սիրուն օրեր եմ ունեցել այստեղ. անմոռանալի հիշողություններ։ Թիֆլիսում ապրելը երազանքի նման մի բան էր դառել, բայց չէի կարծում, թե մի օր կիրականանա։ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում մագիստրոսական ծրագիր գտնելն ավելի հավանական էր թվում, քան Վրաստանում։ Բայց արի ու տես, որ այս երազանքս էլ իրականացավ:

Ավելի շատ բլոգեր թե՞ վլոգեր:

-Մինչ վիդեոներ նկարելը փոքրիկ բլոգ էի վարում, որտեղ հրապարակում էի  պատմվածքներ ու ճամփորդական նյութեր:

Image00004

Գրելն ու տեքստային տարբերակով մտքերս փոխանցելն ինձ ավելի հարազատ է։ Մի քանի տարի առաջ մտքովս էլ չէր անցնի՝ տեսախցիկի առաջ կկանգնեմ ու կխոսեմ, դեռ մի բան էլ այն կտեղադրեմ համացանցում։

Եթե կա ցանկություն, ժամանակի ընթացքում հաղթահարվում են բոլոր բարդույթները: Հիմա ամեն նոր վիդեոն նկարելիս ստանում եմ մեծագույն հաճույք:

Ինչպե՞ս ստեղծվեց բլոգը:

-Մեկ տարի առաջ, երբ որպես լրագրող աշխատում էի հեռուստաընկերություններից մեկում, պատրաստում էի տեսանյութեր: Ամեն անգամ ճամփորդելիս վերցնում էի տեսախցիկս, նկարում ու ճամփորդական տեսանյութ ստանում։

Ֆորմատը մի փոքր օտար էր. ավելի պաշտոնական, քան ես կուզեի։ Բայց և այլ ֆորմատով նկարելու ու տեսախցիկի առաջ ավելի անկեղծ լինելու համարձակություն դեռ չունեի։ Հենց այդ ժամանակահատվածում տեսա Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի ու Ամերիկյան դեսպանատան կողմից կազմակերպվող վիդեո բլոգինգի դպրոցի հայտարարությունը ու դիմեցի վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ:

Image00001

Շուտով յութուբյան ալիքս մեկ տարեկան կլինի՝ հենց այդ դպրոցի ու էնտեղ ստացած մոտիվացիայի շնորհիվ։

Օդերո՞վ…..ո՞ր օդերով:

-Շնչառություն բացող օդերով։

Առաջին երկիրը, որ եղել ես:

-Մալթա:

Վերջինը՞….:

-ԱՄՆ:

Վայր, որտեղ միշտ կվերադառնաս:

-Պիտի երեքը նշեմ՝ Հռոմ, Թիֆլիս ու իհարկե Երևան։

Ինչո՞ւ:

-Վստահ եմ Հռոմ մեկ անգամ գնացողն անընդհատ ուզում է վերադառնալ։ Եթե ոչ՝ մի բան այն չէ (ժպտում է.-հեղ.) :

Թիֆլիսում ինձ տանն եմ զգում, երբեմն վախենում եմ մտածել, որ երբ մագիստրոսական ծրագիրն ավարտեմ, այլևս այստեղ չեմ ապրելու:

Իսկ Երևանը՝․․․ այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ…….(երգում է.-հեղ.)։

Image00005

Ի՞նչն է ամենահավեսը այս գործում:

-Թեթևությունը։

Վիդեո նկարելիս ես եմ իմ «գլխի տերը»։ Չունեմ դեդլայններ, ոչ ոք չի շտապեցնում, ոչ ոք իր կամքը չի թելադրում։ Ձև՛ն էլ, բովանդակությո՛ւնն էլ որոշում եմ ես: Իհարկե լսում եմ ընկերներիս ու ոլորտում ինձանից շատ ավելի պրոֆեսիոնալ մարդկանց խորհուրդները, բայց միևնույն է՝ այդ ամենի մեջ լարվածություն ու պարտադրանք չկա։

Իսկ ինչը՝ ոչ:

-Այն ամենն, ինչ կապված է սեփական ալիքը գովազդելու, դիտումների ու բաժանորդներին հետևելու, կարճ ասած՝ համացանցային արհեստական ակտիվության հետ։

Նշիր 5 իր, առանց որի չես ճամփորդի:

-Իհարկե հեռախոս՝ իր բոլոր պարագաներով, անձնագիր, սպորտային կոշիկներ, մազի արդուկ ու ինքնաթիռում սրտխառնոցը հաղթահարելու համար նախատեսված դեղ։

Քեզ հետ ի՞նչ հուշ ես սիրում բերել:

-Պարտադիր սառնարանի փոքրիկ մագնիս: Ի դեպ, չեմ սիրում, երբ ուրիշներն են ինձ համար այն բերում:

Սառնարանի վրա մի անկյուն ունեմ, որտեղ մագնիսներ են միայն այն քաղաքներից, որտեղ ինքս եմ եղել։ Շատ երկար ու զգուշությամբ եմ ընտրում ամեն մագնիսը։ Պիտի խորհրդանշական լինի ու կապվի այն օրերի կամ զգացողությունների հետ, որ ունեցել եմ քաղաքում։

Ինչպիսի՞ն ես դու 3 բառով:

-Փոփոխական, մտամոլոր ու պրպտո՜ղ:

Image00001

Ինչի՞ց ես ոգեշնչվում:

-Նոր քաղաքներից, նոր զգացողություններից ու նոր շփումներից։

Ինչի՞ց՝ վախենում:

-Ինքնաթիռից:

Ի՞նչ պետք է հագնի Travel Blogger-ը, որ միշտ հարմար լինի:

-Սպորտային կոշիկներ:

Ի՞նչ է պետք այսօր բլոգեր դառնալու համար:

-Բլոգեր դառնալ կարող է յուրաքանչյուրը։ Որևէ հատուկ բան չկա: Այն ընդամենը որոշում է։ Այլ հարց է, թե նպատակը որն է՝ պարզապես դիտումներ հավաքե՞լ թե պատմություն պատմել կամ ինչ-որ բանով կիսվել, որ կարող է օգտակար լինել մարդկանց համար։

Image00002

Առաջիկայում

-Կյանքը ցույց կտա….: