Recent posts
To top
9 Dec

ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԸՍՏ ՏԱԹԵՎ ԲԱԲԱՅԱՆԻ

WLOF4380

 

Մինչև այս հարցազրույցը գրեթե համոզված էի. անգամ տարիներն ինձ չեն ստիպի սեփական ոտքով մտնել վիրահատարան` թեկուզ անհրաժեշտ էսթետիկ միջամտություններ անելու: Բայց Babayan Esthetics-ի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Տաթև Բաբայանի հետ զրույցից հետո հասկացա, որ, չէ’, անուղղելի համառ չեմ. պատճառը մեկն է` բացառիկ պրոֆեսիոնալիզմը, որի առջև ես միշտ պատրաստ եմ վայր դնել բոլոր զենքերս:

հարցազրույցը` Նանե Վարդանյանի

Լուսանկարիչ` Gor  Robertovich

Տաթեւ’ Հայկովնա, ինձ միշտ թվացել է` երբ կոնկրետ մասնագիտության տեր մարդը, օրինակ, ոճաբանը, առաջին անգամ տեսնում է ինչ-որ մեկին, ապա նրան նայում է իբրեւ ՙզոհի՚… Դուք ինչ-որ բան արդեն գտաք իմ արտաքինում, որ կարելի էր շտկել:

Երբ նոր էի այս գործում, անընդհատ նայում էի մարդկանց, անկախ ինձնից շտկումներ փնտրում: Տարիներ անց հասկացա, որ այդ ամենը հսկայական էներգիա է խլում ու որոշեցի` գործից հետո չկենտրոնանալ մասնագիտական հարցերի վրա: Խոսքը, իհարկե, հիվանդանոցից դուրս արվող խորհրդատվություններին ու քննարկումներին չի վերաբերում:

Բայց Դուք խուսափեցիք ինձ ինչ-որ բան ասել…

(Ժպտում է.- հեղ.): Դե, օրինակ, քիթ-շրթունքային ծալքերը վերացնող միջամտություն կանեի, միգուցե փոխեի քթի ձևի մեջ որոշ դետալներ: Բայց զրույցի այս կարճ ժամանակահատվածը բավական էր զգալու, որ Դուք շատ ներդաշնակ եք ինքներդ Ձեզ հետ, ինչն ամենակարևորն է:

Դեռեւս այդպես է:

Եվ դա ողջունելի է: Ցավով պիտի նկատեմ, որ այսօր չափի զգացումը կորել է, ինչը մեր գործում արհեստական մոտիվներ է ստեղծում: Պետք է կարողանալ ճիշտ տեղում կանգ առնել:

Օրիգինալ կամ արտասովոր ցանկություններ չե՞ն եղել:

Չգիտեմ` որքանով է դա արտասովոր, բայց պետք է նկատեմ, որ մեզ մոտ էլ արդեն ցանկություն են հայտնում, օրինակ, քթի սապատն ամբողջությամբ չվերացնել:

Փաստորեն, գրեթե բոլոր բնագավառներում վերադառնում ենք նատուրալիզմին. օրինակ` նորաձեւության, make-up-ի ոլորտներում այն հիմնական տենդենցներից է արդեն վաղուց:

Այդպես է: Դեռ մի քանի տարի առաջ պացիենտները հավասարություն և համաչափություն էին փնտրում: Օրինակ, ժամանակին շատ կանայք նախընտրում էին կրծքի կլոր իմպլանտները, որոնք միանգամից մատնում են արհեստական միջամտությունը, ինչը և նրանց դուր էր գալիս: Այսօր, բարեբախտաբար, շատ բան է փոխվել. ձգտում են գեղեցիկ և բնական ուրվագծերով կուրծք ստանալ:

վիրահատությունից եք գալիս…

Այո’, քիչ առաջ եմ ավարտել:

Ի՞նչ վիրահատություն էր:

Կրծքերի ծավալի մեծացում սիլիկոնային իմպլանտների միջոցով:

WLOF4998

Ես գիտեմ, որ կրծքերի պլաստիկան Ձեր նախընտրելի վիրահատությունն է:

Այո’, ես սիրում եմ այն վիրահատությունները, որոնք հատկապես կնոջն են վերաբերում: Կրծքերի ծավալի մեծացումն ինձ համար ամենևին էլ իմպլանտի ձևի, չափի որոշում ու տեղադրում չէ: Այն նախևառաջ կնոջ մտքի և մարմնի միջև հարմոնիայի ստեղծում է, իդեալական կուրծք ստանալու ցանկություն: Դա էլ գուցե պայմանավորված է նրանով, որ ես էլ, իմ կին պացիենտների նման, շատ լավ հասկանում եմ նրանց հույսերն ու ցանկությունները:

Այդ գեղեցկության ու համաչափության տակ միշտ անհանգստացնող հարցեր կան: Փորձենք ցրել այն միֆերը, որոնք կապված են կրծքի վիրահատության ու դրա հնարավոր հետեւանքների հետ:

Նախ ասեմ, որ կրծքի իմպլանտները չեզոք են և ոչ մի հիվանդություն չեն կարող առաջացնել, չեն կարող արագացնել նաև առկա հիվանդությունները: Եթե կինն ունի ժառանգական նախատրամադրվածություն կրծքագեղձի քաղցկեղի հանդեպ, անկախ իմպլանտից, այն կարող է զարգանալ:

ինչպե՞ս են բժիշկներն անվանում կտրվածք անելու տարբերակները:

Մուտքեր:

Դրանք երեքն են:

Ո’չ, չորսն են` ստորկրծքային ծալքից…

Այսինքն` կրծքի տակից:

Այո’: Հաջորդը արեոլայից, թևատակից և պորտի շրջանից:

Դա ցուցո±ւմ է, թե՞ ցանկություն:

Դա բժշկի և պացիենտի որոշման արդյունքն է: Ես նախընտրում եմ արեոլայից արվող վիրահատությունները, քանի որ այս պարագայում սպիները մաքսիմալ աննկատ են լինում:

WLOF5117

Ասում են` արեոլայի դեպքում հավանական է, որ կրծքագեղձերը վնասվեն: Ու եթե կինը մի օր ծննդաբերելու է, կերակրելու, վտանգավոր կարող է լինել:

Կա հավանականություն, անշուշտ, որն առկա է նաև մյուս տարբերակների դեպքում… Լավ պատրաստված եք, այնքան հաճելի է:

Միայն թե այս դեպքում լավ պատրաստվելն ավելի վախեցնում է (ծիծաղում ենք.- հեղ.)… Ովքե՞ր են հիմնականում դիմում կրծքի պլաստիկ վիրահատությանը:

Դիմում են տարբեր տարիքի կանայք` իմպլանտներով ծավալի մեծացման, կախված կրծքերի վերականգնման համար: Ոմանք գալիս են կրծքերի ծավալը փոքրացնելու ցանկությամբ: Մոտավոր տարիքը` 28-ից սկսած: Ես ունեցել եմ նաև 76 տարեկան կին պացիենտ, որը ցանկացել է կրծքերի ծավալի մեծացում սիլիկոնային իմպլանտներով: Հաճախ են դիմում չարորակ հիվանդություններից հետո կուրծքը վերականգնելու նպատակով:

Ենթադրենք, կինը տեղադրել է իմպլանտներ, որոնք, ըստ արտադրողների, ամբողջ կյանքի համար երաշխիք են տալիս: Բայց նա երեխա է ունենում, կերակրում, կրծքերը փոխում են ձեւը, կամ մաշկի առաձգականությունն է ընկնում: Նա նորի՞ց է գալիս վիրահատության:

Ցանկության դեպքում, իհարկե, շտկումներ արվում են: Փափուկ հյուսվածքի հաշվին դեֆորմացիաները վերականգնվում են, առանց իմպլանտին ձեռք տալու:

Կա՞ն բաներ, որոնք Դուք ամեն դեպքում խորհուրդ չէիք տա կանանց անել:

Չափն անցնել: Ամեն ինչ ընդունելի է` շուրթերի ծավալի մեծացում, լիպոսակցիա կամ ցանկացած այլ միջամտություն, պարզապես պլաստիկան պետք է գեղեցիկ կետում ավարտվի:

Ինչո՞ւ է այսօր աղջիկների, կանանց մի մասը ձգտում մեծացնել շուրթերի ծավալը: Ի՞նչն է նրանց ստիպում` նորաձեւ լինե՞լը, թե՞, այնուամենայնիվ, այլ պատճառներ էլ կան:

Դարձյալ եկանք իմ սիրելի թեմային: Շուրթերը, կրծքերի պես մի դետալ է, սեքսուալ մասնիկ, և բնական է կանանց` այն կատարյալ դարձնելու ցանկությունը: Երիտասարդ տարիքում դիմում են ձևի ու ծավալի փոփոխման, ավելի հասուն տարիքում` նախկին հյութեղությունը կամ ծավալը վերականգնելու համար:

Այս դեպքում ինչի՞ց պետք է զգուշանալ:

Բադիկի կամ ձկան շրթունքներ ստանալուց, նաև հարկ է խուսափել ցածրորակ նյութերից:

Ինչպե՞ս համոզվել, որ քեզ չեն խաբում, եւ նյութերը որակյալ են:

Դիմեք մեծ ավանդ ունեցող բժիշկների, նաև նայեք գնային առաջարկներին: Մեզ մոտ դրանք ծայրահեղ տարբեր են: Եթե շուրթերի ծավալի մեծացման միջամտությունը 85 հազարից 150 hազար դրամ է բարձրակարգ կլինիկաներում, ապա գեղեցկության սրահներում, որտեղ արգելվում են նման միջամտությունները, այն կարող է արժենալ 50 հազար դրամ, ինչն արդեն կհուշի, որ պետք չէ ծառայությունից օգտվել, քանի որ որակյալ նյութի ինքնարժեքն արդեն այդքան չէ: Ի դեպ, ամեն նյութ ունի իր հավաստագիրը, որի կիրառման համար պետք է վերապատրաստվել ու ձեռք բերել դրա օգտագործման իրավունքը:

WLOF4968

Պլաստիկ վիրաբուժության մեջ է մտնում նաեւ միմիկ կնճիռների վերացումը:

Այո’, պլաստիկ վիրաբուժության փոքրիկ ճյուղերից է դերմատոկոսմետոլոգիան, որի մեջ մտնում են նաև շուրթերի ծավալի մեծացման և դեմքի ուրվագծային պլաստիկան:

Բոտոքսը` բոտուլոտոքսինը, ըստ էության, թույն է: Ինչպե՞ս կարելի է այն ներարկել:

Մենք օգտագործում ենք A տիպը,  որը, անցնելով համապատասխան մշակում և ներարկվելով ճիշտ չափաբաժիններով, չի թողնում տոքսիկ ազդեցություն:

Այսպիսով, ո՞րն է պլաստիկ վիրաբուժության պրոֆիլը, ՙզինանոցը՚: Ո՞ր դեպքերում պետք է դիմել վիրաբուժական եւ ո՞ր` կոսմետոլո՞իական միջամտության:

Կան միջամտություններ, որոնք պետք է արվեն միմիայն կլինիկաներում` նույն բոտոքսը, հիալուրոնային թթվի հիմքի վրա պատրաստված գելերով արվող ներարկումները և նման այլ միջամտություններ: Ցավով պետք է ասեմ, որ մեզ մոտ դրանք երբեմն արվում են մարդկանց կողմից, ովքեր տարրական անատոմիական գիտելիքներ չունեն: Այն, ինչ վերաբերում է ներարկումներին, նաև մեզոթերապիային, քիմիական պիլինգներին, պետք է արվեն դերմատոկոսմետոլոգների կողմից, ովքեր ունեն բժշկական կրթություն և մասնագիտացած են մաշկաբանության ոլորտում: Կոսմետոլոգները մաշկի մերսումներ, մաքրումներ են իրականացնում, այսինքն` այնպիսի միջամտություններ, որի դեպքում, որպես կանոն, բժշկական հմտություններ անհրաժեշտ չեն:

Այսինքն` մի բան, որը կատարվում է ասեղի եւ/կամ այն նյութերի միջոցով, որոնք քիմիական բաղադրություն ունեն, պետք է արվեն բժիշկների կողմից:

Այո’, այլ կերպ ասած` այն բոլոր միջամտությունները, որոնք կարող են ոչ ցանկալի հետևանքներ ունենալ:

Ի՞նչ միջամտությունների համար է Ձեզ դիմում հայ տղամարդը:

Տղամարդիկ էսթետիկ միջամտությունների համար դիմում են մոտ 30 տարեկանից սկսած: Ավելի հասուն տարիքի տղամարդիկ դիմում են կնճիռների վերացման, որովայնի առաջնային պատի ուրվագծի շտկման, լիպոսակցիայի, ավելի քիչ` դեմքի մաշկի ձգման, կոպերի պլաստիկայի համար:

Ի՞նչ կարգավիճակի տղամարդիկ են:

Սովորական մարդիկ են, ովքեր առողջ ու գրագետ կերպով են վերաբերվում իրենց` փորձելով պայքարել ծերացման դեմ… Հաճախ են դիմում նույն բոտուլոտոքսինով գերքրտնարտադրության դեմ ժամանակավոր բուժման համար:

Տաթեւ’ Հայկովնա, ո՞րն է ամենաբարդ վիրահատությունը:

Բարդն այն վիրահատությունն է, որին դու չես տիրապետում տեխնիկապես:

Ես պատկերացնում եմ` առաջին անգամ պացիենտը բացում է դուռը եւ… տեսնում բավական երիտասարդ կնոջ: Ի՞նչ պիտի անի երիտասարդ մասնագետը, որպեսզի իրեն վստահեն, հատկապես երբ խոսքն արտաքին տեսքին ու, ընդհանրապես, առողջությանն է վերաբերում:

Տարիքը, իհարկե, այն հանգամանքն է, որին կարելի է հենվել: Բայց վստահության երաշխիքը նախևառաջ կատարած աշխատանքն է: Բժշկի աշխատանքից գոհ պացիենտն անփոխարինելի ՙայցեաքարտ է՚: Այդ բավարարվածությունը միաժամանակ լավագույն գնահատականն է ու փորձը: Սա նաև ամենաարդար ու գեղեցիկ ձևն է վստահություն ձեռք բերելու:

Դուք ականավոր պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանի դուստրն եք, որն այսօր ապրում եւ աշխատում է Մոսկվայում, հայտնի կլինիկայի ղեկավար է: Գիտեմ, որ շատ մեծ է նրա ներդրումը Ձեր մասնագիտական գործունեության մեջ:

Այսօր մենք տարբեր երկրներում ենք աշխատում, բայց չկա մի վիրահատություն, որի ընթացքում ես հորս ներկայությունը չզգամ… Հիմա էլ խոսելիս շատ հուզվում եմ… Ես ամեն պահ զգում եմ, թե ինքն ինչ կցանկանար, որ ես անեի և ինչպես: Դա ինձ աննկարագրելի ուժ է տալիս և, իհարկե, ինքնավստահություն:

Հիմա հաստատ կասեն, որ դժվար չէր էլ կարող լինել, որ հայրիկից պացիենտների մեծ բանակ եք ՙժառանգել՚…

Միանգամայն ճիշտ եք: Բայց ես ուրախ եմ, որ այդ ամենին զուգահեռ ժառանգել եմ նաև աշխատասիրություն, մասնագիտական հոտառություն, ինչն էլ օգնել է ինձ ոչ միայն պահել այդ բանակը, այլև մեծացնել:

Իսկ ե՞րբ զգացիք, որ վե°րջ, սա իմ աշխարհն է, սրանով եմ ես զբաղվելու ամբողջ կյանքում:

Երազում էի լեզվաբան դառնալ կամ թարգմանչուհի: Դպրոցի վերջին տարիներին այնպես ստացվեց, որ հորս հորդորով այցելեցի իր կլինիկա` մասնակցություն ունենալու նրա աշխատանքներին: Կամաց-կամաց հասկացա, թե որքան պատասխանատու և գերհագեցած օր է ունենում հայրս: Իմ բնավորությամբ պայմանավորված` ցանկացա օգնող ձեռք լինել նրա համար: Ու որոշեցի` պիտի ընտրեմ բժշկությունը, որ միշտ իր կողքին լինեմ: Եկա տուն ու ասացի. ՙԻնձ համար քիմիայի ու ֆիզիկայի ուսուցիչ փնտրեք, ես ուզում եմ բժիշկ դառնալ՚:

WLOF4380

Դուք երբեւէ չե՞ք մտածել նրա մոտ տեղափոխվելու մասին:

Միակ բանը, որ ես կցանկանայի` լինել նրա կողքին: Բայց ես, չգիտեմ, որոշեցի այստեղ մնալ… Սիրում եմ Երևանը: Որքան էլ հոգնած լինեմ, աշխատանքից հետո փորձում եմ գոնե մի որոշ ժամանակ շրջել իմ լուսաշատ քաղաքով: Հոգնածությունս միանգամից անցնում է:

Հայրիկի հետ կապված ամենավառ հիշողությունը…

Երևի կհիշեք, գլանակի ձև ունեցող բեզեով լցոնած վաֆլե թխվածքներ կային… Հայրս ինձ մանկապարտեզից վերցնում էր, մտնում էինք այգու փոքրիկ խանութը, վերցնում այդ թխվածքաբլիթներից և գնում տուն: Դա ամենահամեղ հիշողությունն է թերևս: Երբեք չեմ մոռանա քթի առաջին վիրահատությունը, որ արեցի բացառապես նրա օգնությամբ:

Որքանով տեղյակ եմ, Ձեր ընտանիքում բոլորը բժիշկներ են…

Քույրիկս, ով մասնագիտությամբ դիմածնոտային վիրաբույժ է, վերջերս խախտեց այդ օրինաչափությունը և որոշեց թողարկել հագուստի սեփական հոսքագիծը` Narre’ անվանումով, որը նախատեսված է մոր և մանկան համար:

Գիտեմ, որ Ձեր մայրն էլ է Մոսկվայում, հայրիկի հետ…

Բնականաբար: Շատ եմ կարոտում նրան` իմ լավագույն ընկերուհուն:

Ի՞նչ հատկանիշներով պետք է առաջնորդվել կլինիկա կամ մասնագետ ընտելիս: Ձեր հայրը մի հարցազրույցում նկատում է, որ պացիենտն ընտրում է իր բժշկին` ելնելով դրական արձագանքներից եւ վիրահատական արդյունքներից, ավելացնելով, որ պակաս կարեւոր չէ նաեւ բժշկի եւ պացիենտի միջեւ փոխադարձ վստահությունը:

Կմիանամ հորս խոսքերին: Տարիների փորձը ցույց է տալիս, որ իմ և Հայկ Պավլովիչի պացիենտներն առաջնահերթ տեղ են տալիս մեր մասնագիտական կարողություններին, բայց հպարտությամբ պետք է նշեմ, որ թե’ Babayan Esthetics-ում, թե’ Sharm Gold-ում միշտ շատ ջերմ մթնոլորտ է տիրում, ինչը նույնպես հաջողության գրավական է:

Ես մոտավորապես պատկերացնում եմ Ձեր օրը… Միջին հաշվով, քանի՞ վիրահատություն եք անում:

Օրվա մեջ աշխատում եմ երկուսից ավել չանել: Իսկ ներարկումները ավելի շատ են լինում, քանի որ դրանք ժամանակատար չեն:

Բժշկի մասնագիտությունը հսկայական պատասխանատվություն է ենթադրում, նաեւ նվիրում է պահանջում: Դուք դեռ չեք ամուսնացել: Ի՞նչ եք կարծում` ի±նչ կփոխվի Ձեր մասնագիտական կյանքում դրանից հետո:

Որակական որևէ տեղաշարժ չի կարող լինել: Ես ամեն բան կանեմ այնպես, ինչպես և արել եմ: Պարզապես պետք է փորձեմ համատեղել, զուգահեռ տանել ընտանիքի ու աշխատանքի պատասխանատվությունը, ճիշտ բաշխել առաջնահերթությունները: Գուցե վիրահատությունները սկսեմ ոչ թե վաղ առավոտյան, այլ սովորականից մեկ ժամ ուշ, որպեսզի կարողանամ նախաճաշել ամուսնուս հետ կամ երեխաներիս դպրոց ճանապարհել: Եվ հետո, ես ունեմ հզոր թիմ, որը միշտ իմ կողքին է` պատրաստ օգնելու ցանկացած հարցում:

Այսօր Դուք ինչպիսի՞ տղամարդ եք Ձեր կողքին տեսնում: Չէի կարող նման հարց չտալ մի մարդու, ով ամեն օր գեղեցիկի հետ գործ ունի` նա պիտի գեղեցի՞կ լինի:

(Ծիծաղում է.- հեղ.):

Գիտեմ պատասխանը, այնուամենայնիվ…

Գեղեցկությունն առաջնային չի կարող լինել: Ինձ համար կարևոր է, թե նա ինչպիսի հայր ու ամուսին կլինի, երբ սկսենք կենցաղ կիսել, որքանով ամուր կարող եմ հենվել իր ուսերին: Մի բան է, երբ դու, որպես կին, ինքդ ես կառավարում քո անելիքները, մեկ այլ բան, երբ արդեն հաշվետու ես հակառակ սեռին` կիսելով նրա հետ խնդիրներն ու պարտականությունները: Ես միշտ ասում եմ` պետք է հոգեպես կոմֆորտի մեջ ապրել: Հուսամ, այդպես էլ կլինի:

Կա՞ մի բան, ինչը Դուք երբեք չեք համարձակվի անել, բայց շատ կցանկանայիք:

Այնքան կցանկանայի բավարար համարձակ լինել և… շատ երեխաներ ունենալ: Միգուցե ժամանակն ինձ կտա այդ համարձակությունը: Հուսամ: Բայց, առհասարակ, աշխատում եմ, համատեղել ցանկություններս հնարավորություններիս հետ:

Ինչպե՞ս է պետք պահպանել բնական գեղեցկությունը: Ո±րն է Ձեր կանոնը, բանաձեւը:

Վիճելի հարց է: Բնական գեղեցկությունն այն է, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակության մեջ ես: Եթե կան ինչ-ինչ սուր անկյուններ, ուրեմն ներդաշնակությունը խախտվում է, և կարիք կա միջամտելու:

Դուք երբեւէ դիմե՞լ եք պլաստիկ միջամտության:

Դեռ առիթ չի եղել, բայց անհրաժեշտության դեպքում անպայման կդիմեմ գործընկերներիս:

Տաթեւ° Հայկովնա, Դուք միշտ հրաշալի տեսք ունեք, թեեւ մի քանի անգամ եմ առիթ ունեցել Ձեզ տեսնելու: Բայց, կարծես, դիմահարդարումն էլ չեք չարաշահում…

Այո°, իմ դիմահարդար Աիդա Մելքոնյանը գիտի իմ նախընտրությունները և երբեք չափը չի անցնում:

Ձեր հայրը մի հարցազրույցում ասում էր. ՙԻմ նպատակն աշխարհն է’լ ավելի գեղեցիկ դարձնելն է՚: Իսկ Ձե՞րը:

Միշտ ասել եմ` երազում եմ գոնե մեկ տասներորդն անել այն ամենի, ինչ հայրիկս է արել: Երևի այս խոսքերի կոնտեքստում կպտտվի նաև իմ նպատակը` օգնել աշխարհն ավելի գեղեցիկ և հարմոնիկ դարձնել` գոնե մեկ տասներորդով: