Մենք արդեն պատմել էինք՝ Sarajyan trainings-ն այս անգամ հյուրընկալելու էր Ռադիսլավ Գանդապասին: Եվ ահա՝ հայտնի թրեյները երեկ ներկայացրեց իր փորձն ու կիսվեց էմոցիոնալ ինտելեկտի մասին դասախոսությամբ: Թրեյնինգի հիմնական հյուրերից էին տարբեր կազմակերպությունների ղեկավարներ և սեփականատերեր՝ ամենատարբեր ոլորտներից։ Էմոցիոնալ ինտելեկտի մասին թող իմանան բոլորը՝ թրեյնինգը մասնագիտական չէր` բժիշկ, հաշվապահ, ֆինանսիստ, մարքեթոլոգ, կառավարիչ, և ցանկը շարունակական է: Sarajyan trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյանի խոսքով՝ Գանդապասի հետ համագործակցության համար աշխատել են կազմակերպության գրանցման օրվանից` արդեն 3 տարի:
«Նա միակն է ՀՀ֊ին հասանելի խոսնակներից, ով ընտրում է իր ներկայացուցիչներին շատ լուրջ վերլուծություններից հետ։ Մինչ այսօր ՀՀ այցելած խոսնակներից ոչ ոք նման մանրակրկիտ չի ուսումնասիրել իր գործընկերոջը։ Գիտեմ, որ Հայաստանից հրավերներ շատ է ունեցել: Այս ընթացքում իմացանք նաև, որ անգամ թրեյնինգային շուկայից դուրս՝ մարդիկ են փորձել նրան հրավիրել։ Եվ այն փաստը, որ նրանք մեզ են ընտրել, արդեն մեծ առավելություն է: Սա նշանակում է, որ փորձությունն անցանք»։ Լուսինե Վարդանյանը նշում է՝ Գանդապասի պահանջները բավական խիստ էին և քննարկման չէին ենթարկվում, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծել: Բայց այդ խնդիրներն էլ լուծվել են արագ և առանց որևէ «զոհերի»:)
Խոսելով հանդիսատեսի ստացած տպավորությունների մասին՝ Լուսինեն նշում է.
«Հանդիսատեսը շատ ակտիվ և ներգրավված էր։ Ամենակարևորը մասնակիցների սրտերը գրավելն է, և դա Գանդապասի մոտ ավելի քան ստացվում է. չէ որ նա լավագույն հռետորներից է: Շատերը մի ամբողջ տետր գրառումներ էին կատարել Գանդապասի ելույթից։ Իսկ մարդկանց բավարարվածության աստիճանը հեշտությամբ հասկացվում էր նրանց դեմքի ժպիտից և աչքերի փայլից: Բոլորն էին տպավորված:»:
Լուսինեից հետարքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ձևավորվեց Գանդապասի մոտ Հայաստանի մասին:
«Կարծիքները դրական էին, ինչպես բոլորը, նա էլ՝ սիրեց Հայաստանը և ցանկություն հայտնեց հաջորդ անգամ գալ ընտանիքով։ Կարծում եմ՝ դա ամենալավ կողմնորոշիչն է»։
Մենք առաջարկում ենք թրեյնինգի ընթացքին հետևել լուսանկարների միջոցով: