Recent posts
To top
6 Dec

Miss World University. Հայաստանը կներկայացնի Մարիամ Իսայանը

IMG_20161121_200300

«Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» նրա սիրած գիրքն է, դասականն ու casual-ը՝ հագուստի նախընտրած ոճը, սիրելի գույներից են սևը,  սպիտակը,  կանաչն ու կապույտը:  Նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարիամ Իսայանն է,ով այս տարի Հայաստանը կներկայացնի Miss World University գեղեցկության և ինտելեկտի միջազգային մրցույթում:

El.am-ը զրուցել է գեղեցկության 4 ամենահայտնի մրցույթներից մեկի հայ պատվիրակի հետ:

-Ինչու՞ համաձայնեցիր մասնակցել մրցույթին,ո՞րն էր այն կարևոր գործոնը,որ քեզ գրավեց այս մրցույթում:

-Մրցույթի ամբողջական  անվանումն արդեն իսկ հուշում է, որ սա ոչ միայն գեղեցկության, այլև ինտելեկտի մրցույթ է: Գեղեցկության մրցույթներին հատուկ փուլերի հետ մեկտեղ այն հագեցած է լինելու ֆորումներով, բարեգործական ծրագրերով, տարբեր քննարկումներով և հանդիպումներով: Հենց սա ինձ ոգևորեց:

-Միջազգային այլ մրցույթներում Հայաստանը ներկայացնելու առիթ եղե՞լ է:

-Միջազգային ծրագերի մասնակցել եմ, սակայն որպես մրցույթ սա առաջին անգամն է:

DSC_7230+


-Գեղեցիկ և խնամված աղջիկների մասին կարծրատիպ կա՝ նրանք խելացի չեն: Անձամբ բախվել ե՞ք այս խնդրին,թեկուզ համալսարանում կամ շրջապատում:

-Այո, առավել ակնառու էր, երբ հասարակական գործունեությամբ սկսեցի զբաղվել: Սկզբում, ինձ համար անհասկանալի ու անսովոր էր նման մոտեցումը, հիմա արդեն գիտեմ՝ նոր միջավայրում գտնվելիս գուցե անհրաժեշտ լինի կոտրել այդ կարծատիպը: Նույնիսկ հաճելի է, երբ «փորձությունն» անցնելուց  հետո հիացական խոսքեր եմ լսում: Ի դեպ, հակառակն էլ է պատահել:Երբ առաջին անգամ մասնակցում էի գեղեցկության մրցույթի, հաճախ  հարցնում էին,թե  ինչու է դա ինձ անհրաժեշտ, ափսոս է խելքս, կարող եմ ավելի լուրջ գործով զբաղվել: Երկու դեպքերն էլ արդեն սովորական են դարձել: Հաղթահարում եմ այդ կարծատիպը, և գալիս է հաջորդ փուլը՝«խելացի և գեղեցիկ աղջիկների հետ շփվելը հեշտ չէ». այսպես են մտածում շատերը: Միայն թե այստեղ արդեն պետք չէ ապացուցել հակառակը. շրջապատում մնում են նրանք, ովքեր ինքնավստահ են, խելացի, ցանկանում են բացահայտել իրականությունը:


-Ես գիտեմ,որ զբաղվում եք նաև հասարակական գործունեությամբ:Ո՞րն է Ձեր՝ «Միասնություն» երիտասարդական հկ-ի գլխավոր նպատակը:

-Արդեն մի քանի տարի է՝ երբեմն ավելի ակտիվ, երբեմն ավելի պասիվ, զբաղվում եմ հասարակական գործունեությամբ: ՀԿ-ի գլխավոր նպատակն է նպաստելՀայաստանի Հանրապետության առաջընթացին, իսկ հեռահար այդ նպատակին հասնելու համար սահմանել ենք, այպես ասած,  ենթանպատակներ, օրինակ՝ քաղաքացիական գիտակցության բարձրացումը: Ի սզկբանե նպատակ չենք ունեցել բարեգործական ծրագրերով զբաղվել, բայց ընթացքում հասկացա, որ չեմ  կարող անտեսել սոցիալական խնդիրները: Մի քանի տարի է՝ իրականացնում ենք նաև բարեգործական միջոցառումներ, որոնց մասին նախընտրում եմ չբարձրաձայնել կամ խոսել երբեմն` միայն նպատակ ունենալով այլոց ուշադրությունը ևս սևեռել առկա խնդիրների ուղղությամբ:


-Մարիամ,պոդիումում քայլող կանայք հաճախ  սննդակարգային սահմանափակումներ են ունենում, մրցույթի համար ինչ-որ հատուկ սննդակարգ ունե՞ս: Առհասարակ, ինչ՞ ես սիրում ուտել և ի՞նչ չես սիրում:

-Ճիշտ եք, հաճախ անհրաժեշտ է լինում հետևել սննդակարգին: Բայց բախտս բերել է. գենետիկ տվյալներս, ակտիվ և հագեցած առօրյա ունենալն ինձ թույլ են տալիս սահմանափակումներ չունենալ, և ուտել այն ամենը ինչ ցանկանում եմ` չմտածելով ավելորդ կիլոգրամների մասին:  Ընդհանուր առմամբ կարևորում եմ, որ սնունդը լինի որակյալ և համեղ: Ավելի շատ քաղցրակեր եմ. շոկոլադ, թխվածքներ, մրգեր… Սիրում եմ փորձել տարբեր ազգերի ճաշատեսակները:

DSC_7194+
-Մրցույթին մասնակցելու են ուսանողուհիներ աշխարհի տարբեր երկրներից, ինչո՞վ եք փորձելու տարբերվել բոլորից և ի՞նչն եք համարում Ձեր հաղթաթուղթը:

-Մասնակիցներին դեռ ծանոթ չեմ և չեմ կարող ասել ինչով կտարբերվեմ նրանցից, բայց փորձում եմ անել հնարավորը գերազանց ներկայանալու համար, իսկ հաղթաթղթերս երբեք չեմ բացահայտում:


-Մի տեղ կարդացի,որ Ձեզ պերֆեկցիոնիստ եք համարում: Իրո՞ք ամեն ինչ, կամ ոչինչ, թե երբեմն դիվանագիտորեն եք մոտենում հարցերին և խնդիրներին:

-Դիվանագիտորն մոտենալն իհարկե առկա է և օգնում է հասնել հենց այդ «ամեն ինչին»: Հարցեր կան, որոնց բնավորությունս թույլ չի տալիս դիվանագիտորեն մոտենալ կամ հարմարվել ինչ-որ միջին տարբերակի, պիտի հասնեմ առավելագույնին: Իսկ առավելագույնը ոչ թե այն է, ինչ ակնկալում է շրջապատը, այլ՝ թե ինչ եմ սահմանել ինքս ինձ համար: Ոնչնից ամեն ինչնին հասնելու ձգտումը, այդ ուղին անցնելը նույնքան հաճելի է, որքան արդյունքը վայելելը: Ընդհանուր առմամբ կատարելության ձգտումը ինձ մոտ սևեռուն միտք չէ, ավելի շատ բնազդորեն է ստացվում: Համարում եմ, որ եթե այդ ձգտում մի օր իմ մեջ անհետանա, կդադարեմ ես լինել ես: Պետք է կարողանալ զգալ և ապրել ներկան, բայց կառուցել ավելի լավ ապագա:

IMG_20161121_200300

 


-Կա՞ն Ձեզ համար «էտալոնային կանայք»,  որոնց կենսագրությունն ուսումնասիրել եք,  նրանց գործունեությամբ հետաքրքրված եք:

-Կառանձնացնեմ Էվիտա Պերոնին և Մայր Թերեզային: Էվա Պերոնը, ով եղել է Արգենտինայի առաջին տիկինը, ինձ համար առանձնահատուկ է, քանի որ կարողացել է արժանանալ իր ժողովրդի մեծ սիրուն. արգենտինացիները նրան իր կենդանության օրորք համարել են իրենց սուրբը, իսկ երկրի կոնգրեսի կողմից ստացել է «Ազգի հոգևոր ղեկավար» տիտղոսը:  Նա, լինելով ամուսնու հաջողությունների և Արգենտինայի զարգացման գրավականը, փայլել է իր համեստությամբ, ու,  չնայած բոլորին հայտնի էր, որ ինքն է ամուսնու շարժիչ ուժը, մշտապես և հատկապես իր վերջին ելույթում առանձնահատուկ կերպով շնորհակալություն է հայտնել Պերոնին և իր ժողովրդին` իր մշտական իդեալներին:
Իսկ Մայր Թերեզայի պատգամները, գաղափարախոսությունն ու գործունեությունը բարությամբ աշխարհն ավելի լավը  դարձնելու լավագույն օրինակն է ինձ համար:


DSC_7181+
-Miss World University-ն գեղեցկության և ինտելեկտի միջազգային մրցույթ է:  Իսկ գեղեցկությունն ու ինտելեկտը ինչ-որ կերպ սահմանվու՞մ են:

-Ոչ մի սահմանում չի կարող լիարժեք  կամ ընդունելի լինել բոլորի կողմից: Գեղեցկությունն ինձ համար միայն նուրբ դիմագծերն ու կազվածքը չէ, առավել ևս, ըստ տենդեցների համապատասխանեցված դեմքի և մարմնի մասերը չեն ( խոսքն իհարկե փոքրիկ ուղղումների մասին չէ ) : Այն ավելին է. գեղեցկության տարրերը նաև  պահվածքը, ժեստերը, հայացքը, խոսելավոճն  են:  Հենց այս բոլորի ներդաշնակությամբ ստեղծվում է գեղեցկությունը, որը միշտ պետք է ընդգծել` պահպանելով առանձնահատկությունները:  Իսկ ինտելեկտը ամեն օր կատարելագործման փուլում է: Ինտելեկտը ճիշտ պահին խոսելու կամ լռելու, դատողություններ անելու, գործնականում գիտելիքները կիրառելու, սեփական մտածողությունն ունենալու կարողությունն է:


-Ի՞նչ կպատմես աշխարհի մյուս երկրների ուսանողուհիներին Հայաստանի մասին:

-Ուզում եմ, որ աշխարհը մեր երկրին ճանաչի ոչ միայն որպես քաղաքակրթության օրրան, բազմադարյա մշակույթ ունեցող, քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն հռչակած երկիր, այլև անկախ մի պետություն, որը այժմ էլ զարգացման փուլում է, որն ունի անհրաժեշտ ներուժ՝ տարբեր ոլորտներում առաջատար դառնալու, համաշխարհային գանձարանում իր ներդրումները էլ ավելի մեծացնելու: Մի ազգ, որի ներկայացուցիչներն այսօր ունեն համաշխարհային ճանաչում և իրենց աշխատանքով հիանում են ոչ միայն հայերը: Հիմքում հենց այս տեսլականն ունենենալով եմ ներկայացնելու Հայաստանը:

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի

IMG_20161128_221705