–Մարիաննա Քոկչյանին ասում են պարզապես Մաշա: Ձեզ դո՞ւր է գալիս:
-Ես շա՜տ եմ սիրում իմ անունը. հենց Մարիաննան, բայց դեմ չեմ, որ Մաշա են ասում: Հասկանում եմ՝ բավականին երկար է, և շատերը սովորել են «Մաշա»-ին: Հետաքրքիրն այն է, որ ինձ հարազատ, մոտ մարդիկ ասում են Մարիաննա:
–Իսկ ինչո՞ւ wing-21:
-Երբ ես մտածում էի ինստագրամյան անուն, չէի ուզում՝ լիներ իմ անունով, այլ լիներ ինձ և իմ հոգեվիճակը խորհրդանշող բառ: Wing-ը խոսում է ազատության, անկախության մասին: Wing և ոչ՝ wings. երբ գրում էի անունը, դեռ միայնակ էի: Իսկ 21, որովհետև 21-ն իմ հաջողության, իմ անհաջողության, բայց մեծամասամբ լավ բաների հետ կապված թիվն է: Այդ թիվը կարծես ինձ հետապնդում է. ես ուր գնում եմ, 21-ը տեսնում եմ:
–Ֆոտոմոդել, հաղորդավարուհի, դերասանուհի, նաև ինչ–որ չափով պարուհի. բոլորը Ձերն են: Ձեր կարծիքով հատկապես ինչի՞ շնորհիվ:
– Առաջնահերթ՝ սիրելու:
–Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Այս հարցից հետո մի պահ դադար է մոտս. շա՜տ են: Ներկա պահին վարում եմ «#Գործ կա»-ն: Երկու օր առաջ վերջացավ «OutDance»-ի 3-րդ եթերաշրջանը: Նաև որպես ֆոտոմոդել աշխատում եմ մի քանի բրենդների հետ:
-«#Գործ կա»-ի շրջանակներում ամեն մասնագիտության մեջ «ապրում եք». գտե՞լ եք այն գործը, որը Ձեզ շատ հոգեհարազատ է:
-Կարատեն (ծիծաղում է.-հեղ.): Հավես էր շա՜տ:
–Անձնական կյանքի համար ժամանակ կա՞:
-Մի՜շտ. առաջնայինը միշտ եղել է անձնականը: Քանի որ ընկերս էլ կարելի է ասել նույն բնագավառից է, յուրաքանչյուր հարցում ինձ օգնում է: Մենք հասկանում ենք միմյանց և համատեղում գործն ու անձնականը:
–Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տղամարդը:
-Անկեղծ, աշխատասեր և հումորով (ժպտում է.-հեղ.):
–Ինստագրամում մինչ Ձեզ գտնելը, գտել եմ շա՜տ ֆան էջեր…Ձեզ սիրում են, փորձում ագամ նմանակել. հաճելի է՞:
-Նայած թե ինչ, եթե անում են ավելի փոքր տարիքային աղջիկները և ուզում են ընդօրինակել, այլ ոչ նմանակել, այո՛, հաճելի է: Բայց երբ քո հասակակիցներն են, քո շրջապատից, այդքան էլ՝ չէ: Ես սա համարում եմ բիզնես. կրկնօրինակում են և քո իսկ արած էլեմենտները վերցնում իրենց բիզնեսի համար:
–Խանգարում թե՞ օգնում է հայտնիությունը:
-Որքան օգնում, այնքան էլ խանգարում է: Երբ ինձ ճանաչում են, չգիտես ինչու հաշիվը միշտ զեղչված կամ փակված է լինում, հերթ չեմ կանգնում բանկում… ու նմանատիպ իրավիճակներ:
–Իսկ խանգարե՞լը:
-Տեսեք, օրինակ հիմա բարձրանում էի վերև, ներքևը շատ աղջիկներ կային. սկսեցին փսփսուքով ինձնից խոսել: Ես դրանից բավականաչափ կոմպլեքսավորվում եմ:
–Այս տարի կերպարանային փոփոխություն արեցիք. ի վերջո երկար թե՞ կարճ վարսեր:
-Կարճ, երկուսն էլ իմն են, բայց ներկա պահին՝ ավելի շատ կարճը:
–Ի՞նչ եք անում առավոտյան արթնանալուն պես:
-Եթե ես շուտ եմ արթնանում, ուրեմն հաստատ գործ ունեմ: Առաջինը վազում եմ լոգարան:
–Ամենօրյա նախընտրելի հագուստը…
-Տանը միշտ փափուկ պիժամաներով եմ: Իսկ դրսի հագուստներս, նկատել եմ, ստացվել է անպես, որ հիմնականում սև են:
–Իսկ ոճը՞:
-Քեժլ կամ սպորտային:
–Եվ վերջում՝ ինչպիսի՞ն եք Դուք 3 բառով:
-Ուրախ, անկեղծ, վերջին բառը մի քիչ դժվար է…. չարաճճի (որոշեցինք միասին.-հեղ.):