Նորաձևության ոլորտում արդեն հայտնի նկարազարդող Լիլիթ Սարկիսյանն ապրում և ստեղծագործում է Ուկրաինայում: Mercedes-Benz Kiev Fashion Week-ի շրջանակներում նախագծել է էքսկլյուզիվ հրավերներ դիզայներ Մարիա Բեխի պատվերով: Բացի այդ, Լիլիթն արդեն մի քանի տարի շարունակ հրատարակում է TheNorDar ամսագիրն, որտեղ նա ոչ միայն հրատարակիչն է, այլև գլխավոր խմբագիրը: Հայ-ուկրաինական ամսագիրը մշակույթի և արվեստի մասին է: Լիլիթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ երիտասարդ մայրիկը կարողանում է համատեղել մի քանի աշխատանք. մշտապես աշխատում է նոր նախագծերի վրա և նույնիսկ հասցնում է թարմ հանդերձով լուսանկար տեղադրել համացանցում: TheNorDar art-ամսագրի մեջ ներգրավված գրեթե բոլոր խորագրերը Լիլիթի գործունեության մի մասնիկն են կազմում՝ հարցազրույցներ անվանի մարդկանց հետ, հանրային ելույթներ, էթնիկ հատուկ նախագծեր, նորաձև թեմատիկ նկարազարդումներ, հեղինակային գրքեր: 24 ժամվա մեջ հասցնել այդքանը, ինքնին հերոսություն է ,ի դեպ, Լիլիթի դստեր անունն էլ Էստա է, որը թարգմանաբար նշանակում է «առաջնորդ աստղ»: Լիլիթի խոսքերով, նկարչության մեջ հատուկ մասնագիտական կրթություն չի ստացել, սակայն նախընտրում է պարզությունը, այն ինչ պարզ է հետաքրքիր է, սիրում է աշխատել մատիտով, տուշով և ջրաներկով: Լիլիթի ոգեշնչման աղբյուրն աշխարհահռչակ նկարիչների ՝ Alphonse Mucha-ի, Մարտիրոս Սարյանի, Պիկասսոյի, Թուլուզ-Լոտրեկի, Գուստավ Կլիմտի և Salvador Dali-իի աշխատանքներն են: Լիլիթը նաև պատրաստում է ձեռագործ տիկնիկներ և նկարազարդում է տոնական բացիկներ: Վերջերս իրականացրել է մի շատ հետաքրքիր նախագիծ ‘’խփնվածները’’ , որը մեծ աղմուկ հանեց և տևեց մոտ մեկ տարի: Նախագծի հերոսները տարբեր ազգության 100 հայտնի անձիք էին, ովքեր ներկայացնում էին սեփական կյանքի ճակատագրերը և պատմությունները: Լիլիթը խոստովանում է, որ նա էլ ունի մի պատմություն ՝ հայրենիքի և իր կյանքի մասին: Չնայած նրան, որ նա ապրում է Ուկրաինայում, մշտապես այցելում է իր երկիրը: « Երևանում, յուրաքանչյուր անկյունից Արարատ լեռն է երևում, իսկ սարերում ամպերն այնքան ցածր են, որ թվում է կընկնեն քեզ վրա, շատ տպավորիչն է: Ինձ թվում է, որ հայրենիքս ունի ամենամաքուր օդն աշխարհում…. »,-խոստովանում է Լիլիթ
ը: