Օրեր առաջ տեղի ունեցավ Petoor-ի օրիգինալ և տարբերվող 1920 Fashion Show-ն: Մինչ ցուցադրությունը՝ մեզ հաջողվեց զրուցել բրենդի հիմնադիր Անի Մկրտչյանի հետ:
Petoor-ը, փետուրային կինն ու նորաձևության թելադրանքը՝ հմայիչ և խելացի Անիի հետ ունեցած զրույցում:
–Ինչպե՞ս նորաձևություն կոչվող «վարակը» տարավ Ձեզ գիտության ոլորտից:
-Իրականում գիտության ոլորտից ես ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի ժամանակավորապես դադարեցրել եմ ասպիրանտական թեզս: Բայց անպայման շարունակելու եմ:
Իսկ նորաձևություն կոչվող «վարակը» չի խանգարում ինձ. կյանքի էտապ է, երբ ինչ-որ բան ես ստեղծում ու ստեղծածիդ շուրջ համախմբում մարդկանց:
–Իսկ նորաձևությունը գիտությո՞ւն է:
-Այո, ավելի շատ ես կասեի՝ նորաձևության տուն ունենալն է գիտություն:
Այն պահանջում է բավականին շատ հմտություններ, արագ կողմնորոշում, բիզնես ջիղ, մարդկային ռեսուրսների կառավարում… Ընդհանուր առմամբ կոմպլեքս մոտեցում է ուզում քեզանից:
–Մի քանի րոպեից կսկսվի Ձեր Fashion Show-ն: Ի՞նչ է մեզ սպասվում:
-Սպասվում է 1920-ականների շնչով հետաքրքիր ջազ երեկո: Fashion Show-ն բաժանել ենք երկու մասի: Ներքևում տեղծված է ավելի ժամանցային վիճակ, որտեղ մարդիկ «կմտնեն» տրամադրության մեջ, իսկ վերևում՝ արդեն ցուցադրությունը:
-Ոգեշնչումը՞….
-1920-ական թվականներ, շատ կանացի կին, փետուրային տրամադրություն, արտ դեկո, Նյու Յորք, ճարտարապետություն….բոլորը՝ 21-րդ դարում և մեր տեսլականով:
–Ինչպե՞ս է ստեղծվել հավաքածուն:
-Նախ 3 ամիս ուսումնասիրել ենք թեման, հետո միայն՝ ստեղծել հավաքածուն: Ուսումնասիրման փուլը շատ ավելի երկար է եղել, քան էսքիզների պատրաստումը:
–Ո՞ւմ համար է այն նախատեսված:
-Փետուրային կանանց:
-Ո՞վ է փետուրային կինը:
-Շարժման մեջ գտնվող կինը:
Սկզբում ավելի երիտասարդ էր, սեթևեթող, էքսպերիմենտների պատրաստ, ժամանակի ընթացքում ինքն արդեն ունի ինչ-որ սիլուետներ, կոնկրետ տեսակի հագուստ, ոճ, գիտի՝ ուր գնալ. ավելի կողմնորոշված է: Փոխվում է մեզ հետ համատեղ:
-Ինչպե՞ս սկզբնավորվեց Petoor-ը:
-Ծնվեց ինչ-որ բան արարելու ցանկության գաղափարից: Հերթականությամբ, շատ թեթև ու շատ հեշտ՝ փետուրի նման:
-Նախնական շրջանում Petoor-ում գիշերազգեստներ և ներքնազգեստներ էին, իսկ այսօր՝ նորաձև հագուստ, զարդեր, կոշիկ, խնամքի պարագաներ: Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ այս անցումը:
-Իրականում մենք ի սկզբանե փորձել ենք գիշերազգեստի ձևով հագուստ արտադրել: Այսինքն՝ պահել գիշերազգեստի գիծը, ինչը նաև կտեսնեք մեր այսօրվա հավաքածուում: Բրենդի տեսլականից շատ չենք թեքվել:
Հարցին, փորձում ենք ավելի կոմպլեքս վերաբերել, ինչպես համաշխարհային նորաձևության տներն են անում. արտադրել կոշիկ, պայուսակ, շրթներկ կամ զարդեր:
–Փետուրը նախընտրում են….
-Կանացի, մեղմ, համարձակ, կայացած կամ կայացման փուլում գտնվող կանայք:
–Իսկ Դո՞ւք, Ձեր Fashion նախասիրությունները….
-Ես McQueen-ի սիրահար եմ, պաշտում եմ իրեն։ Կարծում եմ իր դերը համաշխարհային նորաձևության մեջ ֆունդամենտալ է և երբեմն չգնահատված։
–Ի՞նչ է թելադրում նորաձևությունը:
-Այժմ նորաձևության տները կենտրոնացած են մարդուն փորձառություն փոխանցելուն: Մարդիկ ավելի շատ ուզում են ունենալ ինչ-որ էմոցիոնալ ֆոն իրենց գնածից:
–Սեզոնի ամենահիթային գույնը՞….
-Baby blue, fuchsia, որոնք օգտագործել ենք նաև մեր հավաքածուում:
–Ինչպե՞ս կգնահատեք երևանյան street style-ը:
-Երևանյան street style-ը կոնկրետ դեռ չկա, զարգացման փուլում է և դեռ շատ է փոփոխվելու:
Ինչ խոսք, հայ կանայք կարող են ընդհանրապես ոչ մի բան չհագնել, կամ միշտ նույնը հագնել:
Միևնույն է, Հայաստանում հայ աղջիկը ֆանտաստիկ լավն է:
-3 հատկանիշ, որ գեղեցկացնում է կնոջը….
-Խելքը, կանացիությունը և իր տղամարդը (ժպտում է.-հեղ.):
-Մարդ, ով Ձեր կարիերայում մեծ ազդեցություն է ունեցել:
-Մայրս՝ իր տոկունությամբ, իմաստությամբ, խոհեմությամբ, խելացիությամբ….(ժպտում է.-հեղ.):
–Գործարար և հմայիչ կնոջից խորհուրդ բոլոր սկսնակներին….
-Որևէ բան պլանավորելուց առաջ, փորձիր կենտրոնանալ քո մտքի շուրջ, հասկանալ՝ ինչ ես ուզում ստեղծել:
Շատ կարևոր է ունենալ տեսլական, եթե չունես, նույնն է՝ մեքենա վարելիս նստել ղեկին և չպատկերացնել ուր է պետք գնալ և ինչպես:
–Առաջիկա ծրագրերը՞….
-Առաջիկայում պլանավորում ենք ընդլայնել մեր բիզնեսը նաև արտերկրում և շարունակում ենք մեր հավաքածուների շարքը: