ASTON MARTIN SUPERCAR
Այն պահից, երբ ամերիկյան Ford կոնցեռնը գնեց Aston Martin-ը, բրիտանական ավտոարտադրող այդ ընկերության ապագան դարձավ ավելի գրավիչ և հեռանկարային: Բոլորովին վերջերս Aston Martin-ը միջազգային շուկայում ներկայացրեց բազմաթիվ գովեստի խոսքերի և ամենաբարձր գնահատականների արժանացած DBS մոդելը, որին մենք հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ համարներից մեկում, իսկ ամռանն աշխարհը պատրաստվում է տեսնել նոր` 4 դռնանի Rapide կուպեն, որը 2 տարի առաջ կոնցեպտային տարբերակով ներկայացվեց Դեթրոյթի ավտոշոուի ժամանակ:
Այժմ հայտնի է դարձել, որ Aston Martin-ն աշխատանքներ է սկսել տանել նոր Supercar-ի ուղղությամբ: Առայժմ ընկերության ներկայացուցիչները գաղտնի են պահում մեքենայի տեխնիկական տվյալները: Միայն հայտն է, որ նորույթը սարքավորված կլինի 700 ձ/ու հզորությամբ, 6 լ տարողությամբ, V 12 շարժիչով: Ամենաբարձր արագությունը կկազմի 330 կմ:
Լուրեր են պտտվում, որ այս մոդելը դառնալու է Mclaren SLR-ի և Bugatti Veyron-ի ամենահզոր մրցակիցը: Aston Martin Supercar-ի դիզայնի հեղինակը հոլանդացի Սաբինո Լերենտվելդն է: Sabino design-ը դիզայներական փոքրիկ ընկերություն է, որը գտնվում է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Սաբինո Լերենտվելդը հավատացնում է, որ մեքենայի արտաքինը տարբերվում է Aston Martin-ի կողմից մինչ այդ թողարկված մյուս բոլոր մոդելներից. այն ավելի գեղեցիկ և ագրեսիվ է լինելու: Դե ինչ, հուսանք, որ շատ շուտով մեզ կհաջողվի տեսնել Supercar-ի իրական տարբերակը: |