30 ամենացանկալի հայերը
30 ամենացանկալի հայերը…
Հայաստանում ամենահարուստ անձանց ցուցակը հրապարակելը կյանքի համար վտանգավոր է, իսկ ամենա-ցանկալիների ցուցակում, որ ամեն առումով էլ անվտանգ է, բոլորն էլ կցանկանան ընդգրկվել: Երկու ամիս շարունակ քաղաքի բանուկ հատվածներում անցորդները հնարավորություն ունեին կարդալու փակցված հայտարարությունները և ակտիվ քվեարկելու:
Պակաս հետաքրքրված չէին նաև հավակնորդները, ովքեր հեռագնա ակնարկներով փորձում էին պարզել` արդյոք իրենց չի սպառնում, ասենք, 29-րդ հորիզոնականը: Սեպտեմբերի 30-ին ժամը 21.30-ին Citadel բիզնես-կենտրոնի առջեւ հավաքվել էին մեր անդավաճան բարեկամները. մարդիկ, ովքեր եկել էին ԷԼ-ի հերթական երեկոն վայելելու և ՙ30 ամենացանկալի հայերը՚ նախագծի արդյունքներն իմանալու:
Մուտքի մոտ պատահական անցորդներից կազմված հսկայական հերթ էր գոյացել. նրանք վաղուց չէին տեսել այդքան մեծ թվով կիսամերկ աղջիկներ մեկ տեղում (ֆոտոժապավեն հիշեցնող հրավիրատոմսում հստակ նշված էր, որ հագուստը պիտի լինի սեքսուալ):
Հանդիպման վայրը` Citadel-ի դեռեւս մասամբ վերանորոգված 2-րդ հարկը, ընտրված էր հատուկ այն նպատակով, որպեսզի ներկաներն ազատվեն էլիտար հյուրի ավանդական կերպարից և իրենց ավելի ազատ զգան:Իսկ առաջին անակնկալը կտորից պատրաստված լաբիրինթոսն էր, որը վերջում յուրօրինակ թաքստոցի վերածվեց սիրահար
զույգերի համար:








