Recent posts
To top
5 Dec

HENNESSY-Ի ՀԵՏՔԵՐՈՎ. ՃԱՄՓՈՐԴՈւԹՅՈւՆ ԴԵՊԻ ԿՈՆՅԱԿ

10_3_10_HennesyCognac37705

ՙՍարգիս Կարոլինա՚ ընկերությունը, որը Hennessy-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, բացառիկ հնարավորություն էր ընձեռել իր գործընկերներին ծանոթանալ աշխարհահռչակ Hennessy կոնյակի տան պատմությանն ու արտադրական ողջ պրոցեսին: Ճամփորդությունը դեպի ֆրանսիական Կոնյակ լի էր հետաքրքիր պահերով և նորանոր բացահայտումներով:

Անդրադարձը` Ավետիս Խախամյանի

received_1416356238390784

EL Holding-ի համագործակցությունը Hennessy-ի հետ սկսվել է EL ամսագրերի տպագրումից, որից հետո միասին աշխատելու բազում այլ առիթներ ենք ունեցել: Մասնավորապես, կցանկանայի նշել տարիներ առաջ Մորիս Հենեսիի հետ ունեցած մեր բացառիկ հարցազրույցը և ֆոտոշարքը. նա ապրանքանիշի հիմնադրի ութերորդ սերնդի ժառանգն է և Hennessy-ի բրենդ-ամբասադորն ամբողջ աշխարհում: Իսկ վերջին տարիներին մենք նաև ապրանքանիշի ակտիվ սպառողներից ենք Հայաստանում գործող ժամանցավայրերի շրջանում: Լինելով կոնյակի սիրահար` չէի կարող չընդունել հրավերը` մասնակցելու Hennessy-ի կողմից կազմակերպված էքսկլյուզիվ տուրին` նախատեսված միայն գործընկերների համար: Արդեն օրակարգը ստանալուց հետո հասկացա, որ մեզ բավական հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնյակ քաղաքի մի քանի շատոներ ենք այցելելու… Եվ այսպես, արագընթաց գնացքը Փարիզից մեզ հասցրեց Անգուլե, որտեղից էլ սկսվեց մեր ուղևորությունը դեպի ամենահարգի խմիչքներից մեկի հայրենիք` Կոնյակ քաղաք: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Chateau de l’Yeuse դղյակ-հյուրանոցում: Այստեղ մեզ դիմավորեց Hennessy-ի ներկայացուցիչ Ժան-Միշել Կոշեն: Նա լիովին համապատասխանում էր հարյուրամյակների պատմություն ունեցող ապրանքանիշի մասին ունեցած իմ պատկերացումներին, իսկ ֆրանսիական թանկարժեք օծանելիքի բույրը և պահպանողական ոճի կոստյումը շատ ավելին էին պատմում նրա մասին: Շատոյի տարածքով մի փոքր շրջելուց հետո մեզ սպասվում էր լանչ բացօթյա տերասայում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում դեպի խաղողի այգիներն ու թանկարժեք առանձնատները… Մինչ ուտեստներ մատուցելը մեզ առաջարկեցին Hennessy` որպես ապերիտիվ, ինչն ինձ համար բավական խորթ էր, քանի որ մենք կոնյակն ընկալում ենք որպես աղանդերի կամ սիգարի հետ մատուցվող խմիչք: Սակայն Ժան-Միշելը բացատրեց, որ ժամանակները փոխվել են, և այսօր կոնյակը լիովին այլ կերպ է ներկայանում` համենայն դեպս իրենց մոտ: Զրույցի ընթացքում բացահայտեցի, որ Hennessy-ն զբաղեցնում է կոնյակի շուկայի գերակշիռ մասը, և ամեն տարի այդ ցուցանիշն է’լ ավելի է բարձրանում, իսկ Կոնյակի խաղողի 80%-ը մթերվում է հենց ապրանքանիշի կողմից, քանի որ կոնյակ արտադրողներն իրավունք չունեն սեփական խաղողի այգիներն ունենալ: Սակայն այդ մթերումը կատարվում է ոչ թե բերքի, այլ խաղողի հյութի տեսքով: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ պատահական մարդ չի կարող այստեղ հողակտոր գնել և խաղող աճեցնել. նա պետք է ոչ միայն համապատասխան կրթություն և փորձ ունենա, այլև հենց ունի բլան տեսակի խաղող աճեցնի: Ընդ որում` խաղողի այգիներն ընդհանրապես չեն ջրվում. լավ կամ վատ տարին որոշվում է տեղումների քանակով, և միայն դրանց քիչ լինելու դեպքում է այգիները ջրելու որոշում ընդունվում:

20160720_004307

Hennessy-ն ունի այդ պատմությունը, որը զգացվում է յուրաքանչյուր դետալի մեջ: Hennessy-ի հետքերով մեր ճանապարհորդությունը հասցրեց մեզ Շարանտա գետ, որն ապրանքանիշի պատմության ընթացքում վաճառքի տեսանկյունից ռազմավարական կարևորագույն նշանակություն է ունեցել: Այստեղ են տեղակայված եղել Hennessy-ի պահոցները, որտեղից էլ կոնյակը նավերով տեղափոխվել է կա’մ Ֆրանսիայի մյուս շրջաններ, կա’մ էլ դեպի Ատլանտյան օվկիանոս: Սակայն ժամանակին տեղի ունեցած մեծ հրդեհի պատճառով այժմ արգելվում է գետի շուրջը պահոցներ ունենալ: Միակ բացառությունն արված է Hennessy-ի համար, որն անվտանգությանն ուղղված շատ լուրջ աշխատանքներ է իրականացնում նման իրավիճակում չհայտնելու համար: Այսօր գետի մի կողմում տեղակայված են ապրանքանիշի պահոցները, իսկ մյուսում` գրասենյակները: Օրակարգից տեղեկացել էինք, որ մեր հաջորդ հասցեն հենց գրասենյակային հատվածն է: Եվ մինչ փորձում էինք հասկանալ, թե ինչպես ենք հատելու գետը, մեզ մոտեցավ ապրանքանիշի նավակը և հասցրեց նշանակետին: Կենտրոնական մուտքից ներս մտնելովª հայտնվեցինք, այսպես կոչված, համտեսի սենյակում, որտեղ սպիտակ սեղաններին դրված էին թվով ինը համարակալված բաժակներ: Դրանք տարբերվում էին իրենց երանգներով, ինչից կարելի էր ենթադրել` որքան մուգ, այնքան թունդ: Սակայն մեկժամյա համտեսի ընթացքում հասկացա, որ այդ ամենն ընդհանրապես նշանակություն չունի, և կոնյակի համն ու գույնը կախված են այլ գործոններից: Հագեցած օրվանից հետո ուղևորվեցինք Chateau de Bagnolet, որտեղ և պետք է կանգ առնեինք: Գաղութային ոճում կառուցված առանձնատունը Հենեսի ընտանիքին է պատկանում 1841թ.-ից: Չնայած բարձր պարսպի հետևից երկհարկանի շատոն ընդհանրապես չէր երևում, ճանապարհից արդեն հասկացա, որ ոչ մի այլ տեղ այն տեղակայված չէր կարող լինել. Chateau de Bagnolet-ն շրջապատված էր աննկարագրելի գեղեցիկ ու խնամված այգիով և միանգամից առանձնանում էր տարածքում, իսկ այդտեղ տանող ճանապարհը պատված էր սպիտակ քարերով, ինչը յուրահատուկ նրբաճաշակություն էր հաղորդում ողջ տեղանքին: Կենտրոնական մուտքի մոտ մեզ արդեն սպասում էին մենեջերն ու սպասարկող անձնակազմը, որոնք և մեզ ուղեկցեցին մեր սենյակները` նախատեսված միայն LVMH խմբի, մասնավորապես Hennessy-ի հյուրերի համար: Մի փոքր հանգստանալուց հետո շրջեցինք անչափ կոկիկ այգիով, որի միջով անցնող գետն այն բաժանում էր քաղաքային այգուց: Այստեղ էր գտնվում նաև ապակեպատ տանիքով ձմեռային այգին, սակայն ամառն ավելի հաճելի էր բացօթյա տերասայում նստել և հիանալ գեղեցիկ բնությամբ: Տարածքին ծանոթանալուց հետո շտապեցինք զգեստափոխվել ընթրիքին մասնակցելու համար, քանի որ նախապես տեղեկացել էինք, որ երեկոյան հագուստը պարտադիր պայման է: Ինչպես նման ընդունելությունների դեպքում է արվում, մեզ առաջարկեցին ուտեստների և խմիչքների հատուկ մշակված ճաշացանկ: Վերջինիս ծանոթանալով` ևս մեկ անգամ նկատեցի, որ Hennessy-ն սկզբում կոնյակն առաջարկում է սառույցով, որպես ապերիտիվ, և դա անում է նույնիսկ ամենաթանկ` XO դասի կոնյակի պարագայում: Դա բացատրվում է նրանով, որ ոչ բոլորն են կարող ընթրիքից հետո կոնյակ խմել, իսկ մինչ ընթրիքը մաքուր կոնյակ խմելն այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, ողջ օրվա ընթացքում մեզ առաջարկում էին կոնյակից պատրաստված կոկտեյլներ, որոնք իրենցից ներկայացնում էին Hennessy, սառույց, կիտրոն և որևէ գազավորված ըմպելիք` տվյալ դեպքում, իհարկե, ֆրանսիական Perrier: Մի խոսքով, եթե նույնիսկ ֆրանսիացիներն են կոնյակը սառույցով խմում, ապա դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Սակայն վերադառնանք ընթրիքին: Խիստ ֆրանսիական միջավայրը լրացնում էին ոսկեզօծ եզրագծերով Bernardaud սպասքը և սեղանի արծաթյա պարագաները, իսկ Chateau de Bagnolet-ի շեֆ-խոհարար Դավիդ Ֆրոնսորեի մատուցած ուտեստների համային առանձնահատկությունները հիանալի համադրություն էին կազմում Hennessy-ի հետ և կարծես լրացնում մեկը մյուսին:

10_3_10_HennesyCognac37705

Այդ դեպքում, ինչու է մեկի կոնյակը համարվում լավը, իսկ մյուսինը` ոչ, եթե նույն հումքն է օգտագործվել: Ժան-Միշելը մեզ բացատրեց, որ ամեն ինչ կախված է պատրաստի օ դե վիի հետ հետագա աշխատանքից: Նրա ուղեկցությամբ բարձրացանք մի բլուր, որտեղ տակառի վրա պատկերված քարտեզից պարզ երևում էր` որտեղ են տեղաբաշխված խաղողի այգիները: Դրանց վերաբերյալ բավականաչափ ինֆորմացիա ստանալուց հետո ուղևորվեցինք խաղողից կոնյակ ստանալու հաջորդ հանգրվանը` Distillery de Bagnolet, որն ապրանքանիշի ամենահին օղեգործարաններից է: Իհարկե, այդ տարածք մուտք գործել ոչ միշտ են թույլ տալիս, բայց քանի որ մենք այնտեղ էինք ամռանը (այդ շրջանում մթերում չի կատարվում, և Distillery de Bagnolet-ն փաստացի չի օգտագործվում ըստ նշանակության), Ժան-Միշելը մեզ ծանոթացրեց խաղողի հյութից օ դե վի ստանալու գործընթացին, որը հնարավոր է դառնում միայն կրկնակի թորման պարագայում: Հաջորդ կետն ապրանքանիշի հիմնադիր Ռիչարդ Հենեսիի ժամանակաշրջանի Chai de la Faiencerie պահոցն էր, որտեղ ըստ տարեթվերի համարակալված կաղնե տակառներում պահվում է օ դե վին: Մինչ պարսպապատ տարածքից այն կողմ անցնելն արդեն կարելի էր թեթև սպիրտային բույր զգալ, որը, շինությանը մոտենալով, ավելի արտահայտիչ էր դառնում: Եվ ահա հասանք առաջին պահոցին, ուր մուտք գործելու համար պետք է անցնեինք հին փայտյա դռնով: Այն կարծես ապրանքանիշի 250 տարվա պատմության արտացոլանքը լիներ, որը խնամքով պահպանվել և հասել էր մինչև մեր օրերը: Նայելով այս պատմական դետալներին` հասկանում ես, թե իրականում ինչն է պայմանավորում ապրանքանիշի բարձր արժեքը և համբավն ամբողջ աշխարհում: Ներս մտնելուն պես անմիջապես զգում ես տարիներ շարունակ այստեղ պահվող սպիրտի հոտը. ամեն տարի տակառների պարունակությունը ցնդում է շուրջ 2%-ով, որը կոնյակագործներն անվանում են ՙհրեշտակի բաժին՚, իսկ առաստաղին նայելով` կարելի է նկատել գոլորշիացումից մնացած նստվածքը: Արդեն հաջորդ սրահ մուտք գործելու համար ստիպված էինք մի քանի դռների և կողպեքների միջով անցնել, քանի որ հենց այդտեղ էին պահվում ամենահին տակառները: Սպիրտն այստեղ պահվում է ամենաքիչը 60 տարի, որից հետո այն տեղափոխվում է հատուկ ապակե տարաների մեջ և կարող է օգտագործվել կուպաժավորման համար: Այդ կաևորագույն գործընթացի համար արդեն 250 տարի պատասխանատու է Ֆիլյուների  ընտանիքը, որն արդեն ութերորդ սերնդում զբաղվում է կուպաժավորմամբ և գերազանց վարպետներ տալիս Hennessy-ն: Տարիների ընթացքում պահոցների քանակն ավելացել է, սակայն առաջին պահոցը, որտեղից Ռիչարդ Հենեսին սկսել է ապրանքանիշի պատմությունը, մինչ այժմ էլ կա: Այստեղ պահվում են նրա ժամանակաշրջանի օ դե վիներից, իսկ դրանց կուպաժներն արդեն լցված են տակառների մեջ, որոնցից յուրաքանչյուրի վրա նշված է վաճառվող կոնյակի անվանումը: Կարծում եմ` լավ կոնյակ պատրաստելու համար լավ մասնագետներ են պետք, սակայն բրենդ ունենալու համար պետք է պատմություն:

14-4-NUVO-Magazine-Winter-2012-096-099_HENNESSY_96-99_PAGE_2_IMAGE_0001

Հաջորդ օրը մեզ սպասվում էր այցելություն տակառների պատրաստման La Sarrazine գործարան արդեն նաև Մարկի ուղեկցությամբ: Այն բաղկացած էր երկու հատվածներից. մեկում վերականգնում էին վնասված տակառները, իսկ մյուսում` պատրաստում նորերը: Ի դեպ, տակառների պատրաստման համար օգտագործվում է միայն ֆրանսիական կաղնի, որի տարիքը գերազանցում է 100 տարին: Իսկ երբ տեղեկացա, որ իրենց կյանքն ապրած տակառները կտրում և վառում են, խնդրեցի ինձ մի փոքր կտոր տալ որպես հուշանվեր: Կոնյակի պատրաստման բոլոր փուլերի հետ ծանոթանալուց հետո մեզ սպասվում էր տուրի թերևս ամենատպավորիչ մասը: Անցյալ տարի Hennessy-ն նշում էր իր հիմնադրման 250 ամյակը, որի կապակցությամբ անչափ հետաքրքիր ցուցադրություն էր կազմակերպել աշխարհի տարբեր քաղաքներում. մի շարք հայտնի նկարիչներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ ու դիզայներներ ներկայացրել էին ապրանքանիշի պատմությունն անհավանական ինստալիացիաների տեսքով: Այժմ այդ ամենը ներկայացված էր հենց Կոնյակում և վերածվել էր, այսպես կոչված, Hennessy-ի թանգարանի: Ամենաուշագրավը նկարիչ Չառլզ Սենդիսոնի լուսային ինստալիացիան էր: Այն իրենից ներկայացնում էր պատին պրոյեկտված պատմական փաստաթղթեր և նամակներ, որոնք հատակի և առաստաղի հայելային արտացոլման շնորհիվ անվերջ թունելի խաբկանք էին ստեղծում` ստիպելով կորցնել իրականության զգացողությունը: Այսպես մի սրահից մյուսն անցնելով և Hennessy-ի պատմության էջերը թերթելով` հանկարծ ինչ-որ տարօրինակ ձայներ լսեցի: Մի փոքր առաջ գնալով` ականատես եղա Թոնի Օուսլերի մուլտիմեդիային ապշեցնող ինստալիացիային. Hennessy-ի մասնագետների 3D դիմանկարները սյուրռեալիստական խոսակցության էին բռնվել միմյանց հետ: Ամեն ինչ այնքան տպավորիչ էր, որ բառերով դժվարանում եմ նկարագրել բոլոր այն զգացողությունները, որ ապրեցի ցուցահանդեսի սրահներով շրջելիս: Դե իսկ վերջում այցելեցինք Hennessy-ի խանութ-սրահ, որտեղ իմ ուշադրությունը գրավեց ապրանքանիշի 250 ամյակի կապակցությամբ ստեղծված 35 հազար եվրո արժողությամբ Hennessy 8 կոնյակը, որն իրենից ներկայացնում է ութ սերունդների կուպաժի վարպետների ժամանակաշրջանների օ դե վիների խառնուրդ: Այսպես, ինքս էլ չնկատեցի, թե ինչպես եկավ լանչի ժամը, որտեղ ինձ ևս մեկ անակնկալ էր սպասվում: Դեռևս նախորդ օրը Ժան-Միշելի հետ զրուցելիս խոսք գնաց բարձր խոհանոցից, և նա հետաքրքրվեց, թե ինչ կցանկանայի համտեսել: Ժան-Միշելը կատարել էր իր խոստումը. նա ոստրեներ հյուրասիրեց մեզ: Այստեղ մի հետաքրքիր միջադեպի ականատես եղա. կոկտեյլներ պատրաստելիս բարմենը մի փոքր կիտրոնահյութ թափեց սեղանին, ինչը չվրիպեց ո’չ իմ, ո’չ էլ Մարկի աչքից: Նա նկարահանեց տեղի ունեցածը, իսկ հաջորդ պահին մեզ արդեն այլ բարմեն էր սպասարկում: Հենց աշխատանքի հանդեպ նման վերաբերմունքի շնորհիվ է ձևավորվել մի ապրանքանիշ, որն այսօր մեծ համբավ է վայելում ողջ աշխարհում: Ինձ հետաքրքրեց նաև այն հարցը, թե ինչպես է Ժան-Միշելը վերաբերվում հայկական կոնյակին: Պարզվեց, որ նրա մանկության ընկերներից մեկը ժամանակին Երևանի կոնյակի գործարանի տնօրենն է եղել: Նա, իհարկե, շատ լավ խոսքեր ասաց հայկական բրենդիի մասին` նկատելով, սակայն, որ այն կոնյակ չէ: Մի խոսքով, վառ տպավորություններով և տարբեր հուշանվերներով վերադարձանք Հայաստան:

20160719_185621 20160719_191225

20160719_18251720160719_191949 20160719_191957 20160719_193343 20160719_233312  20160720_120614 20160720_120720 20160720_121104 20160720_121118 20160720_134205 20160720_134639 20160720_135902 1406206177-e3cfa209a02a27caed658749a1ff870b 15243584669_f4194ea314_c 15243831817_8770931800_c ctn-grants-in-west-hartford-presents-hennessy-tasting-event-feb-18-20150211 francehenn55hh1 h18925h1 Hennessy Distillerie du Peu_6 +Jean-Pierre Bost

    20160719_181930Hennessy Reporter+Jeremy Suyker (3) Hennessy Reporter+Jeremy Suyker (4) Hennessy Reporter+Jeremy Suyker (11)

Château de Bagnolet

hotel received_1337614289586714 received_1337614459586697 received_1337614786253331 received_1416356225057452  received_10154280298168563 received_10154285173398563