Recent posts
To top
6 Dec

Տարվա երիտասարդ կին, գործարար՝ ով մարտահրավեր նետեց ֆիթնես շուկային:

5

«Fit24 Fitness Clubs» և «InShape Studio» ունենալու գաղափարը

-10 տարի աշխատելով ֆիթնես ոլորտում և որպես ղեկավար մասնակցելով քաղաքի առաջին ֆիթնես ակումբի կառուցման ողջ ընթացքին՝ հասկացա, որ հայաստանյան ֆիթնես շուկայում կան շատ բացթողումներ: Մարդիկ հոգնել էին մեծամասշտաբ կոնցեպտով ֆիթնես ակումբներից, որտեղ իրենք մենակ էին մնում և չէին ստանում սպասված արդյունք: Իսկ փոքր ակումբներն էլ ունեին ռեսուսների պակաս, և այստեղ էլ դժվար էր ապահովել որակ:

Արդյունքում՝ ֆիթնես ոլորտում ստեղծվել էր երկու ծայրահեղություն, որի բացը որոշեցինք լրացնել հենց մենք՝ ստեղծելով երկու, իրար լրացնող կենտրոններ:

6

-Ինչպե՞ս ստեղծվեց «InShape Studio»ն:

«InShape Studio»-ն ի սկզբանե շատ փոքր էր: Ես միայնակ եմ աշխատում. ինքս եմ ներդրում արել, բացել ֆիթնես կենտրոնը և ստեղծել այն որպես ստարտափ՝ փորձարկելով այդ կոնցեպտի արդյունավետությունը Հայաստանում:

Լայն միջազգային կապերի շնորհիվ՝ մեր ակումբում ներգրավեցինք միջազգային էքսպերտներ, ինչպես նաև բարձրորակ լոկալ մարզիչներ քաղաքի տարբեր ակումբներից: Համախմբեցինք բոլորին՝ ստեղծելով հարմար պրոդուկտ բոլոր առումներով. թե՛ գնային, թե՛ մարզչական կազմի և թե՛ մաքրության տեսանկյունից՝ չներառելով ավելորդ ծառայություններ և այդպիսով արհեստականորեն չբարձրացնելով գինը։

-Իսկ ինչպիսի՞ն էին արձագանքները:

-Հավատացեք՝ առաջին իսկ ամսից արդյունքները շոկային էին։ Բրենդը շատ արագ սիրվեց, իսկ ֆիթնես շուկան սկսեց տրանսֆորմացվել: Քաղաքի մեծ ու փոքր ֆիթնես կենտրոնները վերանայեցին իրենց քաղաքականությունը. շատերն  անգամ կրկնօրինակեցին, ինչը փաստում է՝ ամեն ինչ ճիշտ էր և հաջողված:

Այնուհետև պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ամրապնդել այս կոնցեպտը։ Փափազյան փողոցի վրա բացվեց InShape Studio-ն՝ մեծ եռահարկ շենքի տեսքով, որտեղ փորձում ենք գտնել կանանց հուզող ցանկակցած խնդրի լուծումը:

Այս պահին մենք մոտ 20.000 կնոջ կյանք ենք փոխել: Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքով կարողանում եմ բարելավել մարդկանց կյանքը (ժպտում է.-հեղ.):

2

Իսկ ինչպե՞ս և ու՞մ համար ստեղծվեց «Fit24 Fitness» ցանցը:

-Անցավ մեկ տարի, ստեղծվեց արդեն մյուս բրենդը՝ «Fit24»-ը, քանի որ ակնհայտորեն կար պահանջ մի վայրի, որտեղ կլիներ և՛ մարզասրահ, և՛ շոգեբաղնիքներ, և՛ հարմարավետ պայմաններ: Նաև անհրաժեշտ էր արդյունքին միտված մարզումների իրականացում տղամարդկանց համար։

Այս բրենդի շուրջ համախմբվել են իրենց ոլորտում լավագույն մասնագետները ողջ քաղաքից։ Բրենդը մերն է. միջազգային փորձի հիման վրա կառուցված առաջին 24 ժամյա ֆիթնես ակումբը Հայաստանում: Պլաններ կան այն ներկայացնելու նաև արտերկրում, միջազգային ֆիթնես հարթակներում։

Մենք առաջին անգամ մարզիչներին առաջարկեցինք աշխատել միայն արդյունքի համար, այլ ոչ թե գումարի՝ ապահովելով ճիշտ և լավ վարձատրություն։ Այսպես բացվեց «Fit24»-ի առաջինը մասնաճյուղը «Ռամադա» հյուրանոցում: Իսկ հիմա արդեն արագ ընդլայնվում ենք:

Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը:

-Որակյալ ֆիթնեսը դարձնել հասանելի և պրակտիկ, տալ հստակ, չափելի արդյունք, դուրս գալ տարեկան փաթեթների համակարգից և ֆիթնեսի փաթեթը բանկի միջոցով գնելու անհրաժեշտությունից: Եվ, որ ամենակարևորն է՝ տալ մարզիչներին հնարավորություն՝ մտածել լավ մարզելու, ոչ թե գումար վաստակելու մասին:

Որքանո՞վ եք կարևորում առողջ և ճիշտ սննդակարգի պահպանումը մարզումների ընթացքում:

-Բնականաբար, մարզումների ընթացքում պահելով ճիշտ սննդակարգ, շատ արագ կարելի է հասնել գերազանց արդյունքի: Սակայն մենք դեմ ենք շատ խիստ սննդակարգին, որովհետև այդ դեպքում կարող է վնասվել մարդու առողջությունը: Նշեմ, որ  սննգակարգով կարելի է նիհարել նաև առանց մարզումների, բայց մարմիը չի ստանա գեղեցիկ տեսք, և կիլոգրամները արագ կվերադառնան։ Մեր մարզիչների առջև խնդիր է դրված նիհարեցնել առանց խիստ սննդակարգերի՝ գրագետ կազմված մարզումների ծրագրի միջոցով։

 –Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ուշ են սկսել մարզվել:

-Կարևոր է, թե տվյալ կինն ինչ մարզավիճակում է գտնվում և առողջական ինչ հակացուցումներ ունի: Ծրագրերը կազմվում են ըստ նրա առողջական խնդիրների և նպատակների: Շատ կարևոր է, որ ցանկացած մարդ, ով ընտրում է ֆիթնես ակումբ, հստակ գիտակցի, որ ինքը գործ ունի իր առողջության հետ և բարձրակարգ մարզասրահի անունը կամ ստատուսով մարզիչը դեռ երաշխիք չեն անվտանգ մարզումների ու ցանկալի արդյունքի:

unnamed

Իսկ ընդհանրապես, ո՞ր դեպքում է հակացուցվում զբաղվել ֆիթնեսով:

 -Գրեթե բոլոր առողջական խնդիրների դեպքում կարելի է գտնել ճիշտ ծրագիր, ուղղակի պետք է բացառել այն վարժությունների համակարգը, որոնք ներազդում են խնդրահարույց հատվածների վրա։ Պետք է շատ զգուշորեն և ուշադիր ընտրել մարզչին ու ֆիթնես կենտրոնը։

Ինչո՞ւ «Fit24 Fitness Clubs»ը նման աժոտաժ առաջացրեց և մարտահրավեր նետեց շուկայում արդեն առկա ֆիթնես կոնցեպտներին:

 -Այն ունիկալ կոնցեպտ է, որը կառուցված է միջազգային փորձի հիման վրա: Անհատական մարզումներ, արհեստականորեն չբարձրացված գներ, և հնարավորություն՝ քիչ ժամանակ ծախսելով գրանցել արագ արդյունք:

Կարևոր է նաև, որ մենք ճկուն և բաց ենք ցանկացած վճարման համակարգի առաջ. հաճախորդին չենք պարտադրում վճարել տարեկան, նա ինքն է որոշում՝ որքան մարզվի և որքան վճարի, իսկ մազչին տալիս ենք հնարավորություն՝ կենտրոնանալու միայն մարզումների ու կատարելագործվելու վրա։

4

Սպորտը կենսաձև է թե՞ անհրաժեշտություն:

 -Երկուսն էլ:

Սպորտը պետք է դարձնել ապրելակերպ. գրագետ ֆիթնեսը սթրեսից ազատվելու, ինքնազգացողությունը լավացնելու և կյանքը երկարացնելու լավագույն միջոցն է:

Առողջ ապրելու համար պետք է ներդրում անել սպրոտի մեջ, այլ ոչ՝ դեղահաբերի:

Հաջողակ բիզնեսի 3 շարժիչ ուժերը՞

 –Մարդիկ են, որոնց հետ կարելի է կիսել այդ ճանապարհը, ովքեր կսիրեն իրենց աշխատանքը և կվերաբերվեն քո բիզնեսին այնպես, ինչպես իրենց սեփականին:

Պրոդուկտը, որը պետք է իրականում պարունակի այն բոլոր բաղադրիչները, որոնք կբավարարեն սպառողի պահանջները և հստակ, որակով կկատարի այն ֆունկցիան որի համար ստեղծված է։

Ամենօրյա էֆեկտիվ աշխատանքը և կարգապահությունը, որով էլ պայմանավորված է բիզնեսի հաջողությունը:

5

Ի՞նչն  է կնոջն առավել լիարժեք դարձնում:

-Սիրված և ինքնառեալիզացված լինելը:

Ո՞րն է Ձեր հոբբին:

-Երաժշտությունը, ֆիթնեսը, ձիավարությունը և հոգեբանութունը։

Հագուստի նախընտրելի ոճը

-Սմարթ քեժուալ՝ առօրյայի համար, էլեգանտ՝ գործնական և երեկոյան հանդիպումների համար:

Երազանքների երկիրը

-Երևի թե հենց Անգլիան՝ Լոնդոնը, այդտեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում:

Հանգստի սիրելի տարբերակը

 -Հանգստյան ժամերը սիրում եմ անցկացնել մտերիմներիս ու ընկերներիս հետ:

1

Սեղանի գիրքը

-Ավելի շատ գիտական և բիզնես գրքեր եմ կարդում, քան գեղարվեստական: Ուսումնասիրում եմ մարդկային հոգեբանություն, աշխարհի տարբեր կրոններ և բազում հետաքրքիր տեսություններ, ուսմունքներ։ Միտքս միշտ գեներացնում է հարցեր, որոնց պատասխանները հաճախ գտնում եմ նման գրքերում։

Կյանքի կարգախոսը

-Երբե՛ք չգնալ կոմպրոմիսների…ապրե՛լ և գործե՛լ այն միջավայրում, որը հաճելի է: Իհարկե, պետք է անել այն, ինչ սիրում ես և սիրել այն, ինչ անում ես:

-Կնոջ իդեալը…

-Կին, ով  կարողանում է ճիշտ բալանսավորել իր անձնական և գործնական աշխարհները։ Կարողանում է մնալ լավ մարդ և լավ կին՝ ցանկացած իրավիճակում։

Կանացի գեղեցկության գրավականը

-Առաջին հերթին թաքնված է հոգում, հետո արդեն՝ գեղեցիկ և խնամված արտաքինում:

Ի՞նչ կմաղթեք մեզ ընթերցող հայուհիներին:

-Եղե՛ք սիրված, ինքնառեալիզացված, անհրաժեշտության դեպքում պատրա՛ստ եղեք կյանքի շրջադարձերին:

Ամենակարևորը՝ եղե՛ք Ձեր լավագույն տարբերակը, չէ՞ որ….արժանի եք (ժպտում է,-հեղ.):