Ամերիկայից դեպի Հայաստան և թիկունքում, թողելով Սիլիկոնային հովիտը. Անահիտ Մարկոսյանն ու ամուսինը՝ Արա Մարկոսյանը հայկական Nairian ապրանքնաիշի հիմնադիրներն են: Հայկական արտադրության կոսմետիկա և խնամքի պարագաներ ստեղծելու միտքն առաջացել է Թեղուտի խնդրից հետո: Անահիտ Մարկոսյանն ասում է.
«Այդ ժամանակ Թեղուտի խնդրով էի հետաքրքրված և հետաքրիքր էր մտածել այնպիսի այլընտրանքային աշխատանքի մասին, որի շնորհիվ մարդիկ կկարողանային օգուտ ստանալ բնությունից՝ չվնասելով այն: Մտքի զարգացմանը նպաստեց նաև այն, որ միշտ հետաքրքված եմ եղել եթերային յուղերով ու բնական կոսմետիկայով: Այսպես առաջացավ եթերային յուղերը բազմացնելու, ապա՝ համաշխարհային բրենդ ստեղծելու գաղափարը»:
Nairian-ի հիմնադրման գլխավոր պատճառներից մեկը հենց հայկական ապրանքանիշը աշխարհին ճանաչելի դարձնելն էր՝ ներկայացնելով էկո-արտադրանք:
Բացառապես բնական միջոցներով պատրաստվող կոսմետիկ միջոցներն այժմ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում: Մոտ երեք շաբաթ առաջ Վրաստանում բացվել է Nairian-ի խանութ-սրահը, արդեն երեք տարի է՝ գործում է առցանց վաճառք ԱՄՆ-ում:
Նաիրյան արտադրանքը հասանելի է նաև Ռուսաստանում և Հոնկոնգում:
Մենք սեփական աչքերով տեսանք հայկական արտադրանքի «ամենախորը արմատները». այստեղ՝ ծովի մակարդակից մոտ 1600 մետր բարձրության վրա գտնվող Արագյուղում, իդեալական պայմաններում աճեցվում են մաշկի խնամքի և կոսմետիկ հարդարման համար անհրաժեշտ պարագաների բնական հումքերը:
Nairian-նն առաջարկում է հատուկ խնամք՝ մաշկը խոնավացնող և մաքրող քսուքներ, լոգանքի և մարմնի խնամքի միջոցներ, հակատարիքային և հակակորյակային քսուքներ և ոչ միայն:
Բնության բարիքներն այստեղ շռայլորեն օգտագործվում են հենց մեր օգտին՝ չվնասելով ոչ մեզ և ոչ էլ բնական միջավայրը: