Նա ունի ատամնաբույժի մասնագիտություն և հաճույքով նկարում է միայն գեղեցիկը: Կարդացեք զրույցը և ծանոթացեք քաղաքի լավագույն լուսանկարիչներից մեկի՝ Տուշո Բարսեղյանի հետ:
-Պատմեք՝ ինչպես եք դարձել լուսանկարիչ:
-Մոտավորապես 10 տարի առաջ, երբ ընկերներիս հետ գնացել էի քաղաքից դուրս, վերցրի նրանցից մեկի տեսախցիկը և սկսեցի տարբեր բաներ լուսանկարել: Հենց այդ օրվանից լուսանկարչությունը կարծես մտավ «երակներիս մեջ»:
Հետագայում ինտերնետի և լուսանկարիչ ընկերներիս շնորհիվ տիրապետեցի ներկայիս մասնագիտությանը:
-Իսկ առաջին մասնագիտությա՞մբ….
-Ատամնաբույժ եմ (ժպտում է.-հեղ.)….զգացի, որ «իմը» չէ:
-Առաջին լուսանկարները՞….
-Չեն ստացվել. կամ ամբողջությամբ «վառված» էին, կամ սև, որտեղ ոչինչ չէր երևում:
-Նախկինում աշխատել եք ԷԼ Style ամսագրում, իսկ հիմա՞… ինչո՞վ եք զբաղվում:
-Համագործակցում եմ նորաձևության ոլորտի մարդկանց հետ, ունենում՝ տարբեր անհատական պատվերներ: Նկարում եմ այն, ինչն ինձ հաճելի է:
–Լուսանկարչությունն աշխատանք է թե՞ հոբբի:
-Հոբբի, որը դառնում է աշխատանք:
–Եթե ետ գնանք, չե՞ք ափսոսում, որ ատամնաբույժի լուրջ մասնագիտությունից անցել եք առանց որևէ կոնկրետ գրաֆիկի աշխատանքի:
-Իմ էությունը չի սիրում ինչ-որ ժամային գրաֆիկով կայուն աշխատանք: Եվ սա նույնպես պատճառ էր, որ այդպես ստացվեց: Ես գիշերվա մարդ եմ, սիրում եմ գիշերը աշխատել:
–Իսկ գիշերը լինո՞ւմ է լուսանկարել:
-Պատկերացրեք՝ այո:
–Ինչ եք կարծում, ցանկացած տեսախցիկով հնարավո՞ր է ստանալ լավ լուսանկար:
-Անգամ սմարտֆոնով: Պետք է լինել գրագետ, տվյալ տարածքում հասկանալ ճիշտ լույսը, ռակուրսը և ամենակարևորը՝ ունենալ «լուսանկարչի աչք»:
–Լավ լուսանկար ստանալու համար ի՞նչ է պետք:
-Լավ տրամադրություն, տրամադրվածություն և ճիշտ լույս:
–Ի՞նչ եք սիրում լուսանկարել:
-Գեղեցիկը. այսինքն աղջիկներին և կանանց (ժպտում է.-հեղ.):
–Բնությունն էլ է գեղեցիկ….
-Դե, եթե բնության մեջ կա աղջիկ (ծիծաղում ենք.-հեղ.):
-Մինչև լուսանկարելը….
-Կարևոր է մարդու հետ շփվել, մի փոքր ճանաչել նրան՝ հասկանալու, թե ինչպիսին է նրա ճաշակը և ինչ ֆոտոներ է ուզում:
-Ձեր ֆեյսբուքյան էջում գտա փոքր ժամանակվա լուսանկար, որից երևում է՝ չեք սիրում լուսանկարվել: Իսկ հիմա՞:
-Նույնը, ճիշտ է նկարի մեջի պես չեմ լացում, բայց հիմա էլ ահավոր չեմ սիրում լուսանկարվել: Հազվադեպ, այն էլ միայն ընկերներիս հետ խնջույքների ժամանակ:
–Ցուցահանդես ունեցե՞լ եք:
-Անձնական՝ ոչ, բայց մասնակցել եմ Հայաստանում և Բելգիայում կայացած ցուցահանդեսներին:
-Ո՞վ է գեղեցիկ աղջիկը:
-Մոնիկա Բելուչին:
-Կա՞ մեկը, ում երազում եք լուսանկարել:
-Ոչ թե երազանք, այլ նպատակ երևի, օրինակ՝ Victoria’s Secret-ի մոդելներից Palvin Barbara-ին:
-Ինչպե՞ս կնկարագրեք Ձեզ:
-Պարզ և ընկերասեր:
-Առաջիկայում….
-Ուզում եմ մեկնել արտերկիր, մասնակցել դասընթացների, մաստեր-կլասսների, աշխատել նոր մարդկանց հետ, ստեղծել լավ պորտֆոլիո և վերադառնալ: