Recent posts
To top
4 Dec

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՙԳԵՂԵՑԿՈւԹՅՈւՆԸ ԲԱՐՈւԹՅԱՄԲ ԱՊՐԵԼՈւ ՄԵՋ Է՚

DSC_0925+ (3)

Մասնագիտական հանդիպումներ են լինում, որոնք չեն ավարտվում զրուցակցին հրաժեշտ տալով: Դրանք մտնում են առօրյայիդ մեջ` իրենց լիցքերը պահպանելով առաջիկա շաբաթների ընթացքում ևս կամ առհավետ մնում են քեզ հետ: Պատճառը մեկն է` եզակի էներգիան ու անկրկնելի խարիզման, որով օժտված է զրուցակիցդ:

Զրույցը` Նանե Վարդանյանի, լուսանկարները` Սարգիս Մկոյանի

Պարո’ն Խաչատրյան, Դուք այն եզակի դերասաններից եք, ով իր դերերում շատ ճանաչելի է: ՙՀը’, պապա’շա, ինչպե՞ս ես՚,- ասում է Ձեր հերոսը` խանութպան Արտուշը, ՙԽնձորի այգին՚ ֆիլմից: Ու մենք միանգամից ճանաչում ենք Ձեր ձայնն ու դիմագծերը: Այդպես է նաեւ մեծահարուստ Արտո Արամիչի, քարտաշ Աբգարի եւ մյուս դերերի դեպքում: Բայց Դուք միաժամանակ նաեւ շատ տարբեր եք:

Ես ինքս երկար եմ մտածել այդ հարցի շուրջ: Երբ փորձում ես ընկալել կերպարիդ մտածելակերպը, սկսում ես նրա նման խորհել, նստել-վեր կենալ, փոխվում են նաև ձայնիդ հնչերանգն ու սեփական քայլվածքդ: Գրիմ չկա, նույն դեմքն է, բայց մտածելակերպն ուրիշ է. ուրեմն ամեն բան արդեն այլ է: Տեսեք, օրինակ, դե Նիրոյի մոտ` նույն խալը, կկոցած աչքերը, բայց ամեն մի դերի հետ նա ուրիշ է: Ի դեպ, բնութագրական գրիմ անելու ժամանակները վաղուց անցյալում են: Կարևորն այսօր կերպարի մտածելակերպն է, որին համապատասխան դերասանը պիտի կարողանա իրեն  ՙվերակառուցել՚:

Սովորաբար արտիստի վարպետության մասին խոսելիս ասում են` իսկական արտիստը պետք է կարողանա հավատալ ներկայացվող իրավիճակին: Ինչպե՞ս հավատալ, որ հարազատ որդիդ է մահացել եւ անկեղծ խաղալ այդ ցավը:

Ես չեմ կարող բացատրել` ի’նչ ասել է հավատալ: Դա տեսություն է: Պետք է ուղղակի ապրել: Գուցե հավատալուց հետո կամ դրա միջոցո՞վ են գալիս այդ ապրումները…

DSC_0925+ (2)

Շատերն ասում են` հաճախ իրենց հարազատին են պատկերացնում դեր խաղալիս:

Այո’, կա նման բան: Բայց կերպարայնության խնդիր էլ կա: Այն, ինչ խաղում ես, պետք է կապ ունենա հերոսիդ` նրա կարգավիճակի, ապրելակերպի, խառնվածքի հետ: Չպետք է խաղալ այնպես, ինչպես կապրես քո’ կյանքում: Պետք է խաղալ այնպես, ինչպես կերպարդ կապրեր վիշտը կամ ուրախությունը` փորձելով հնարավորինս համոզիչ լինել:

Ի՞նչն է ամենադժվարը Ձեր գործում:

Ինձ նայելը: Որպես կանոն, ես չեմ նայում ինձ:

Աշխատանքային պրոցեսո՞ւմ, թե՞ արդեն էկրաններին:

Նկարահանումների ժամանակ… Երբ աշխատանքներն ավարտված են, փորձում եմ նայել: Էլի դժվար է, բայց ամեն բան վերջացած է: Գնացքը գնաց:

Ստեղծագործության հետ դժվա՞ր է ապրելը:

Շատ դժվար է: Կան գաղափարներ, որոնք քեզ անընդհատ տանջում են, դու կռիվ ես տալիս դրանց հետ, ու եթե չես գտնում իրագործելու ուղիներ, ապա շատ ծանր է: Միշտ նախանձով եմ նայել նկարիչներին: Ստեղծագործելու պահն իրենցն է՝ սեփական մոլբերտն է, կտավը, վրձինը: Մեր դեպքում շատ բան կախված է ուրիշներից՝ գործընկերներից, նաև ֆինանսից ու մի շարք այլ հանգամանքներից:

Իսկ երբ փորձում եք համատեղել ստեղծագործությունը եւ դրա հետ պայքարն անձնական կյանքի` ընտանիքի, երեխաների հետ…

Կրկնակի դժվար է:

DSC_0925+ (3)

Տանը չլինել, իրար հետ չընթրել… Ինչպե՞ս եք լրացրել այս բացերը:

Դրանք կորուստներ են, որոնք, ցավոք, չեն լրացվում: Դրանք պարզապես իրար հետ չապրած ժամեր են, րոպեներ: Պահն անցավ, վե’րջ. կարող էր լինել, բայց չեղավ: Հիմա հաջորդ պահն է գալու կամ պետք է որ գա, պետք է որ ստացվի:

Ձեր կրտսեր դուստրը նկարչուհի է: Դուք երբեւէ չե՞ք փորձել հեռու պահել նրան այդ ոլորտից, որպեսզի նա նույնպես ամբողջ կյանքում չպայքարի:

Ես ու կինս ո’չ կրտսեր, ո’չ էլ ավագ դստերս չենք կողմնորոշել… Կյանքն արդեն պայքար է: Նա էլ իր մասնագիտությամբ է պայքարի մեջ մտնում կյանքի հետ:

Հայտնի դերասաններից մեկը տարիքի հետ կապված ասում էր. ՙԵրբ 50 դարձա, կարծես քարեր թափվեցին մեջքիս, իսկ երբ լրացավ իմ 70-ը, ես հասկացա, որինձ երբեւէ այսքան երիտասարդ չէի զգացել՚… Տարիքի հետ կապված Ձեր մտորումներն ինչպիսի՞ն են:

Դժվար է ասել` տարիներն իմաստություն են բերում, փորձառություն, թե մեկ այլ բան, բայց մի բան հաստատ է. 30-35-ում քեզ ավելի հոգնած և անկարող ես զգում, քան 50-ից հետո: Տարիների հետ ավելի պարզորոշ ես պատկերացնում անելիքդ, հասկանում ես` ինչ պիտի անեիր կամ կարող ես անել ու ընկնում ես այդ ամենի հետևից: Սկսում ես վերարժևորել արածն ու չարածը:

Սիրված դերասան, ամուսին, հայր… Պարո’ն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում, այն ամենը, ինչ այսօր Դուք ունեք, նախեւառաջ ինչի± շնորհիվ է ձեռք բերվել:

Սկզբում, երբ նոր էի սկսել թատրոնում աշխատել, մի տեսակ դժվար էր որսալը, թե ինչ եմ սովորել, ինչ եմ տեսել, ինչ ունեմ: Անցան տարիներ, որոնք որոշ չափով ստեղծագործական դադար էին ինձ համար (դրանք ԱՄՆ-ում ապրելու տարիներն էին, որտեղ, իհարկե, մեծ ու փոքր ներկայացումներ բեմադրում էինք, այնուհանդերձ բուռն չէին աշխատանքները): Երբ վերադարձա, հասկացա, թե որքան բան է իմ մեջ կուտակվել: Հասկացա` որքան բան եմ ստացել ուսուցիչներիցս և, առհասարակ, բոլոր այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ, շփվել… Մնացածն էլ երևի ծնողներից եմ ժառանգել:

DSC_0929+

Իսկ խառնվա՞ծքը:

Դա արդեն Աստծո գործն է: Իսկ այն, ինչ տարիների ընթացքում կուտակվել է, մարսում ես, ինչպես ասում են` ՙքեզնով ես անում՚` մարդկանց փորձը, վերաբերմունքն արվեստի, իրար ու քո հանդեպ մասնավորապես:

 

Երբեւէ օգտագործե՞լ եք Ձեր դերասանական ունակությունները կանանց հետ հարաբերություններում:

Երևի եղել է:

Ամենասկզբո՞ւմ` 1968-1969-ի՞ն, երբ նոր էիք ընդունվել ստուդիա:

Այդ ժամանակ դժվար է հասկանալը` խաղո՞ւմ ես, թե՞ չէ: Բայց մի՞թե միայն դերասաններն են խաղում: Մյուսներն էլ են խաղում ու ոչ պակաս լավ… Կանանց հետ դժվար է չխաղալ (ժպտում է.- հեղ.):

Ինչո՞ւ:

Նրանք են հրահրում:

Ձեզ ավելի շատ կինոյո՞ւմ են սիրել, թե՞ կյանքում:

Միանշանակ պատասխան դժվար թե կարողանամ տալ: Երևի կինոյից սկսել են, հետո այդ սերը կյանքին է փոխանցվել: Մարդիկ միշտ նույնացնում են կերպարն անձի հետ: Այո°, կարծում եմ՝ ամեն ինչ սկսվում է էկրանից, բեմից, հետո նոր սկսում են սիրել քեզ ու քո անհատականությունը:

ՙԼքված հեքիաթների կիրճը՚ ֆիլմից հետո Ձեզ սիրահարվել էին բոլորը: Այս տեսակ սերը երբեւէ դիսկոմֆորտ չի՞ պարգեւել:

Նահանգներում մի զրույցի ժամանակ պատմեցին, որ անգամ մի ամբողջ դասարան էր ինձ սիրահարված (ժպտում է.- հեղ.): Բայց բուռն դրսևորումներ  չեն եղել, չնայած այն ժամանակ ամեն բան ավելի զուսպ էր, քան հիմա: Իրականում այս սերը ստիպում է քեզ անելու ավելին, քան կարող ես: Անհարմարությունը թերևս միայն այն է, որ զրկվում ես ազատությունից: Դու դառնում ես հանրային մարդ և պետք է հաշվի նստես քո արած ամեն մի քայլի հետ:

Ես փորձում եմ Ձեր կնոջ աչքերով նայել այս ամենին…

Կինս դերասանուհի է և միշտ մեծ սրտացավությամբ է վերաբերվել իմ աշխատանքին: Անգամ բաց, անկեղծ տեսարանների դեպքում է նկատողություն արել, թե՝ ո՞նց էիր սիրում, չէի±ր կարող ավելի նորմալ համբուրել:

Պարո’ն Խաչատրյան, կա՞ մի բան, որն անելու համար Դուք համարձակություն չեք ունեցել:

Երևի թե չի եղել այնպիսի բան, որ ցանկացել եմ անել ու չեմ փորձել: Այլ հարց է` ստացվե±լ է, թե± ոչ: Բայց որ բավարար համարձակություն չունենամ, չէ’, չի եղել:

Տղամարդուն դուր չի գալիս, երբ կինը…

Շատ է խոսում:

Ի՞նչն է տղամարդու եւ ի՞նչն է կնոջ հմայքը:

Կնոջ հմայքն իր կանացիության մեջ է, տղամարդունը` բնավորության և, ինչո’ւ ոչ, նաև արտաքինի:

Օրվա ամենասպասված պահը:

Առավոտն է: Այն մի նոր կյանքի սկիզբ է:

Տան ամենասիրելի անկյունը:

Խոհանոցը:

Պատրաստե՞լ եք սիրում:

Ուղղակի խոհանոցում նստել:

Գեղեցիկ ապրելակերպի վերաբերյալ Ձեր բնորոշումը:

Ամենագեղեցիկը չարության բացակայությունն է: Գեղեցկությունը բարությամբ ապրելու մեջ է: